Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի անվան մրցանակին արժանացան Օսման Քավալան և Մոզն Հասանը


Թուրքիա - Հասարակական գործիչ Օսման Կավալան արժանացավ Հրանտ Դինքի մրցանակին, Ստամբուլ,15-ը սեպտեմբերի, 2020թ.
Թուրքիա - Հասարակական գործիչ Օսման Կավալան արժանացավ Հրանտ Դինքի մրցանակին, Ստամբուլ,15-ը սեպտեմբերի, 2020թ.

Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակի այս տարվա դափնեկիրը թուրք նշանավոր հասարակական գործիչ Օսման Քավալան է դարձել:

Ավելի քան հազար օր ճաղերի հետևում գտնվող Քավալան Սիլիվրիի բանտից հղած իր ուղերձում նշել է. - «Հավատում եմ, որ հասարակության տարբեր հատվածների, տարբեր երկրներում ապրող մարդկանց միջև առկա նախապաշարմունքները հնարավոր է հաղթահարել մտածելով, խոսելով և լսելու միջոցով»:

Իր խոսքում Քավալան հիշել է նաև բանտում գտնվող քուրդ քաղաքական գործիչ Սելահաթդին Դեմիրթաշին, լրագրող, հրապարակախոս Ահմեդ Ալթանին, բանտարկված մյուս լրագրողներին և հացադուլի հետևանքով վերջերս մահացած փաստաբան Էբրու Թիմթիքին:

Թուրքիայից դուրս գործունեություն ծավալող գործիչներից Դինքի անվան մրցանակին է արժանացել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եգիպտացի ակտիվիստ Մոզն Հասանը:

«Նման արժեքավոր մրցանակ ստանալը իմաստավորում է իմ վերապրած բոլոր դժվարությունները և հիշեցնում առանց հուսահատվելու պայքարը շարունակելու կարևորության մասին»,-ոգևորությամբ նշել է Հասանը:

Արդեն 12-րդ անգամ սեպտեմբերի 15-ին` Դինքի ծննդյան օրը անցկացվող միջոցառումն այս տարի առցանց հարթակում կայացավ: Արարողության ուղիղ եթերով հեռարձակումը «Ակօս»-ի նախկին խմբագրատան շենքից՝ «23,5»-ից էր, որը, հիշեցնենք, վերածվել է Հրանտ Դինքի հիշողության վայրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG