Նոյեմբերի առաջին տասնօրյակում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպում, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կստորագրվեն երկու առանձին հայտարարություններ, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը՝ նշելով՝ «Ալիք մեդիան» ստացել է այդպիսի իրական տեղեկատվություն։
Ավելի վաղ «Ալիք մեդիան» գրել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Վկայակոչելով Հայաստանում իր դիվանագիտական աղբյուրը՝ լրատվամիջոցը նշել էր, որ երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, ստորագրելու են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Եռակողմ հանդիպման հավանականության մասին գրել էր նաև ռուսական «Նովոստի» գործակալությունը։
Հայաստանի արտգործնախարարությունը, սակայն, հայտնել էր, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ, միևնույն ժամանակ, սակայն, նշել էր, որ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց հանդիպումների առաջարկներ քննարկվում են. ԱԳՆՓաստաթղթերը, դեռևս սևագիր են, մեկը վերաբերում է դեմարկացիային, դելիմիտացիային՝ սահմանազատմանն ու սահմանագծմանը, երկրորդը՝ կոմունիկացիաների վերագործարկմանը, ասաց քաղաքական վերլուծաբանը։
«Աստեղ ամենացավալին այն է, թե Արցախի հետ կապված ինչ ձևակերպում է տրվելու, որովհետև սատանան մանրամասների մեջ է, ինչպես ասում են, և երկրորդ փաստաթղթի ենթատեքստում է, որ խոսվում է նաև միջանցքների մասին։ Դիվանագիտության մեջ այսպիսի մի չգրված բան կա՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ, ես չեմ բացառում, որ կարող է վերջին պահին մի դետալի պատճառով այդ հանդիպումը չկայանալ», - ասաց Հակոբյանը՝ նշելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան կարծեք, ստանում են այն, ինչ-որ ուզում են։
Կարո՞ղ են սա էլ ստանալ, քաղաքական վերլուծաբանը չգիտի, դժվարանում է ասել, թե ինչ դիմադրություն է մնացել հայկական կողմից որպեսզի կարողանա ոչ ասել այս փաստաթղթին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպման մասին տեղեկությունըՀրապարակային տեղեկություններից հասկանալի է և չի էլ թաքցվում, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է հենց Սյունիքի մարզի տարածքով՝ Արաքսի ափով անցնող այն երկաթգծին, որը խորհրդային ժամանակ էր գործում, ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ չբացառելով, որ քննարկվում է նաև ավտոմոբիլային ճանապարհ, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կկապի Նախիջևանի հետ։
«Ադրբեջանն ու Թուրքիան, իմ պատկերացմամբ, պնդելու են, որ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային ճանապարհներն առնվազն գտնվեն ռուսական ուժերի վերահսկողության ներքո և ունենան նույն կարգավիճակն, ինչ ունի Լաչինի միջանցքը, այսինքն՝ ադրբեջանցիները կարողանան այդ ճանապարհներով երթևեկել առանց որևէ հայկական ներկայության, դա կլինի մաքսային ներկայություն, ոստիկանական ներկայություն, թե կլինի սահմանապահների ներկայություն», - ասաց Պողոսյանը։
Քաղաքագետը չի կարծում, որ, եթե, ի վերջո, առաջարկվի ստեղծել «Լաչինի միջանցք 2» Սյունքիի մարզի տարածքով, ռուսական կողմը դրան կտրուկ դեմ լինի՝ պարզաբանելով՝ դա ի վերջո ևս մեկ հավելյալ լծակ է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։
«Ակնհայտ է, որ եթե նույնիսկ այդ միջանցքը գտնվի ռուսական ուժերի վերահսկողության ներքո, սակայն փաստացի լինի դուրս հայկական համապատասխան կառույցների վերահսկողությունից, ապա դա կլինի առաջին քայլը Սյունիքի մարզում Թուրքիայի և Ադրբեջանի հաստատման, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ 5, 10 գուցե 15 տարի նաև նրանց ազդեցության ամրապնդման», - ասաց Պողոսյանը՝ շեշտելով Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ դրան չպետք է համաձայնվի։
Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին որևէ հրապարակային հայտարարություն չեն արել։
10-ն օր առաջ Մոսկվայում Փաշինյանը հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ, հետո այդ հանդիպումը արդյունավետ էր որակել՝ առանց այլ մանրամասների։ Թե Փաշինյանն ու Պուտինը հոկտեմբերի 12-ին ինչ պայմանավորվածություններ էին ձեռքբերել, պաշտոնապես այդպես էլ չասվեց։