Վերջին ամիսներին լրատվամիջոցների նկատմամբ կիրառված նոր սահմանափակումները մտահոգիչ են. Աշոտ Մելիքյան

Վերջին ամիսներին լրատվամիջոցների նկատմամբ կիրառված նոր սահմանափակումները խիստ մտահոգիչ են ու հետադիմական, լրագրողների իրավունքների խախտումների մասին եռամսյակային զեկույց հրապարակելիս այսօր հայտարարեց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Մելիքյանը առաջին հերթին մատնանշում է Ազգային ժողովում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումը։ Սեպտեմբերից խորհրդարանում լրագրողների աշխատանքը թույլատրվում է միայն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Իսկ պատգամավորների աշխատասենյակներին հասնել լրագրողները չեն կարող, եթե չունեն պատգամավորի համաձայնությունը: Այս սահմանափակումների գաղափարը իշխանական խմբակցությանն էր, որի անդամները դա բացատրում էին անվտանգության նկատառումներով ու լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մղումով։

«Դա իսկապես աննախադեպ որոշում էր այդ ներկայացուցչական մարմնի ամբողջ պատմության համար, և մենք արձանագրում ենք, որ այդ որոշմամբ, փաստորեն, լուրջ սահմանափակվում է լրագրողների հնարավորությունը պատգամավորներից մեկնաբանություններ, հարցազրույցներ վերցնելու առումով», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մասնագետները պնդում են` «չեն նահանջելու», պահանջում են վերացնել լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին որոշումըԱԺ դահլիճում ծեծի ժամանակ օթյակից հեռացվել են լրագրողները. կազմակերպությունները դիմում են դատախազությունԱԺ-ում լրագրողներին առնչվող փոփոխությունները մասնագետները խոչընդոտ ու սահմանափակում են համարում, իշխող ուժը համաձայն չէ

Աշոտ Մելիքյանը նաև հիշատակեց երկու ամիս առաջ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուքի ընթացքում ԱԺ նախագահի հրահանգով նիստի հեռարձակման դադարեցումը, երբ անվտանգության աշխատակիցներն ուժի գործադրմամբ լրագրողներին պարտադրեցին դուրս գալ իրենց համար նախատեսված օթյակից։

Օթյակից, որտեղից լրագրողները հետևում Ազգային ժողովի նիստին, տեսանելի է նիստերի դահլիճը և հենց այդտեղ է, որ նրանց ներկայությունը թույլատրելի է։

«Աննախադեպ և դատապարտելի երևույթ է, որովհետև հենց լրագրողները պետք է ցույց տան հասարակությանը, թե ինչ Ազգային ժողով է ընտրվել ու ամեն մի պատգամավոր ինչպիսի վարքագիծ է դրսևորում, ցույց տալիս», - ասաց Խոսքի ազատության կոմիտեի նախագահը։

ՄԻՊ-ը Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժի սահմանափակման առնչությամբ դիմել է ՍԴ

Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժի սահմանափակման առնչությամբ այսօր Սահմանադրական դատարան (ՍԴ) է դիմել Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն։ Նա երկրի բարձրագույն դատական ատյանից խնդրում է պարզել՝ արդյոք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրագրողների գործունեությունը կարգավորող դրույթները համապատասխանո՞ւմ են երկրի Սահմանադրությանը։ Ըստ Արման Թաթոյանի՝ այդ դրույթները օրենքում իրավական որոշակիությունից զուրկ են։

Մեդիա ոլորտի մասնագետները քննադատում են նաև վերջերս ընդունված կամ դեռևս քննարկման փուլում գտնվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ըստ փորձագետների, սահմանափակում են լրագրողների գործունեությունը և չեն նպաստում ազատ խոսքին։ Այդ օրենքներից մեկն արդեն ուժի մեջ մտած ծանր վիրավորանքի քրեականացումն է։ Դրանից առաջ էլ եռապատկվել էին վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքները։ Իշխանության այս նախաձեռնությունները արժանացել էին ոչ միայն տեղական, այլև միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունների քննադատությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զրպարտության համար մինչև 6 մլն, վիրավորանքի համար մինչև 3 մլն դրամ փոխհատուցում. ԱԺ-ն ընդունեց Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը

«Մենք նաև ընդգծում ենք, որ ծանր վիրավորանքի տակ շատ հաճախ կարող է ընկալվել սուր խոսքը, սուր քննադատությունը, և մենք գիտենք, որ հատկապես պաշտոնյաները, քաղաքական գործիչները, այլ հայտնի մարդիկ քննադատությունն էլ են ընկալում որպես վիրավորանք», - նշեց Խոսքի ազատության կոմիտեի նախագահը։

Մեկ այլ մտահոգիչ, այժմ քննարկման փուլում գտնվող օրենսդրական նախաձեռնություն, ըստ մասնագետների, կառավարության պաշտոնական egov.am հարթակում պաշտոնյաների գործուղումների մասին տեղեկատվության հրապարակման սահմանափակումն է։

Օրերս էլ ազգային ժողովում հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ լրագրողներին չնույնականացվող աղբյուրներին հղում անելն արգելող նախագիծը, որը նույնպես լրագրողական հանրության կողմից քննադատության էր արժանացել։ Եթե իշխանությունները պնդում էին, որ այսպես ցանկանում են պայքարել անանուն աղբյուրների միջոցով տարածվող ապատեղեկատվության դեմ, լրագրողական համայնքից հակադարձում էին՝ աղբյուրներին չբացահայտելը իրենց իրավունքն է և հատկապես կարևոր է հետաքննող լրագրողների համար։

Այս նախագիծը քննարկումներից հետո որոշ փոփոխությունների է ենթարկվել՝ «անանուն աղբյուր» եզրույթը փոխարինվել է «չնույնականացվող աղբյուր» եզրույթով, որն ըստ նախագծի համացանցում էջն է, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից։