Ադրբեջանի նախագահը կրկին պնդում է՝ ղարաբաղյան հակամարտությունն այլևս անցյալում է, հետպատերազմյան իրավիճակը՝ ընդհանուր առմամբ հանգիստ։
«Հետպատերազմական ժամանակաշրջանը, ընդհանուր առմամբ, անցնում է հանգիստ։ Ասում եմ հետպատերազմական, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում։ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, իրականացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,- հայտարարարել է Իլհամ Ալիևը ԱՊՀ պետությունների առաջնորդների խորհրդի նիստում, որն անցնում է հեռավար։
Նա հերթական անգամ ասել է, թե տարիներ տևած բանակցային գործընթացը արդյունք չի տվել, այդ իսկ պատճառով «Ադրբեջանը որոշել է հակամարտությունը լուծել ռազմաքաղաքական ճանապարհով»։ Ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում Ադրբեջանի առաջնորդն ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դերակատարումը։
Նախագահ Ալիևը նաև հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Երևանի հետ բանակցություններ սկսել սահմանների դելիմիտացիայի շուրջ՝ «տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով», ինչպես նաև խաղաղության համաձայնագրի շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը