Մատչելիության հղումներ

Մինսկում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը


ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցները։ Մինսկ, 14-ը հոկտեմբերի։
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցները։ Մինսկ, 14-ը հոկտեմբերի։

Այսօր Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Մինչ այս հանդիպումը, որը, ի դեպ, նախօրոք հայտարարված չէր, Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումը սկսելիս, Սերգեյ Լավրովը, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շեշտել էր, թե քննարկելու են տարածաշրջանային հարցեր և որ Ղարաբաղը միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում։

Ավելի վաղ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր Ադրեբեջանի արտգործնախարարը հայատարարել էր, թե չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա։

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացների վերսկսման ֆոնին Մոսկվան ևս ակտիվացնում է միջնորդական ջանքերը

Մասնավորապես, այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայցուցիչ Մարիա Զախարովան է մի շարք հայտարարություններ արել։ Նա հերթական անգամ շեշտել է, որ անհրաժեշտ է անշեղորեն պահպանել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու դրույթները։

Մարիա Զախարովա
Մարիա Զախարովա

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին որքան հնարավոր է շուտ վերացնել հումանիտար դաշտում միմյանց գրգռող խնդիրները՝ փոխանակել գերիներին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատ դաշտերի քարտեզներն՝ ամբողջ ծավալով », - ընդգծել Է Զախարովան:

Ռուսաստանի արտգործնախարարարության պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների երեկվա հանդիպմանը. - «Սա բացառիկ ձևաչափ է, և անկասկած, այն նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման ամրապնդմանը և ազգամիջյան երկխոսության առաջխաղացմանը»։

Մինչդեռ երեկ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները, Ռուս պատրիարքի հետ հանդիպմանը բավական կոշտ, և քաղաքական գործիչների ելույթներին համահունչ հայտարարություններ էին արել։ Գարեգին Երկրորդը, մասնավորապես, պնդել էր, թե Արցախի կարգավիճակը որշված չէ, խոսել էր Բաքվում պահվող հայ գերիների, արդբեջանական վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների ոչնչացման մասին։ Իսկ Փաշազադեն կրկնել էր պաշտոնական Բաքվի դիրքորոշումը, Ղարաբաղյան խնդիր այլևս գոյություն չունի։

Այդուամենայնիվ, Պատրիարք Կիրիլը եռակողմ հանդիպումից հետո Զախարովայի պես հույս էր հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները կնպաստեն երկու կողմերի միջև վստահության մթնոլորտի ձձևավորմանը։

Ռուս վերլուծաբանները, մինչդեռ, նկատում են, որ չնայած բանակցությունները վերսկսելու մասին կողմերի հայտարարություններին, հայ-արդբեջանական հաշտեցման պայմանագիր ստոագրելու Բաքվի առաջարկին՝ հաշտեցման, առավել ևս հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին խոսելը դեռ վաղ է։

Ռազմական հարցերով ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, օրինակ, հայ-ադրբեջանական հաշտեցումն առաջիկայում քիչ հավանական է համարում. - «Հայ-ադրբեջանական պայմանագրի հարցում ես հոռետես եմ։ Նման պայմանագրի համար անհրաժեշտ է ուժերի հավասառակշռություն։ Նման բան ես չեմ տեսնում։ Կա ճնշում Ադրբեջանի կողմից, և Հայաստանի թույլ դիմադրությունը։ Նման պայմաններում եթե նույնիսկ ստորագրվի պայմանագիր, այն երկար կյանք չի ունենա»։

Վլադիմիր Եվսեև
Վլադիմիր Եվսեև

Ռազմական հարցերով փորձագետը «Ազատությանը» տված հարցարզույցում հավելելում է, թե այսօր Հայաստանի համար առանցքային հարցերից է Սյունիքի պաշտպանությունը, ինչի համար, Եվսեևի կարծիքով, անհրաժեշտ է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների, որոնց անվտանգությունը պետք է ապահովեն համապատասխան ռուսական ռազմական սոտրաբաժանումներ։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահաներին, որոնց մանդատի ավարտին չորս տարուց մի քիչ ավելի է մնացել, ապա ռուս փորձագետը համոզված է, որ նրանք կմնան Ղարաբաղում, քանի դեռ այնտեղ հայեր են ապրում. - «Ոչ, Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ»։

Սրա հետ մեկտեղ փորձագետը նաև պնդում է, որ, չնայած Բաքվի կոշտ դիրքորոշմանը և սպառնալիքներին, քանի դեռ ռուս խաղաղապահները տարածաշրջանում են, ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է։

XS
SM
MD
LG