Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթների անշեղորեն իրականացման օգտին, երեկ բրիֆինգի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք ակնկալում ենք, որ այս կերպ էլ կստեղծվեն անհրաժեշտ պայմանները` երկկողմ հարբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ երկկողմ բարդ հարցերի վերաբերյալ»,- ասել է նա։
Զախարովան խոսել է նաև Հայաստանի ու Ադբեջանի կրոնական առաջնորդների՝ Մոսկվայում չորեքշաբթի կայացած հանդիպման մասին, ընդգծելով, որ այդ հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, վստահության ամրապնդմանը և հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը։
Թեև նշենք, որ և՛ կաթողիկոս Գարեգին Երկրորդը, և՛ Ալլահշուքյուր Փաշազադեն ելույթներով են հանդես եկել՝ ընդհանուր առմաբ կրկնելով սեփական երկրների առաջնորդների հռետորաբանությունը։ Իսկ գերիների մասին Փաշազադեն մասնավորապես հայտարարել է, թե վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, իսկ Ադրբեջանում պահվող մյուս հայերը «հայկական դիվերսիոն խմբի ներկայացուցիչներ» են։
Անդրադառնալով Մարտակերտում ադբեջանական դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը ցավակցել է մահացածի բարեկամներին ու մտերիմներին և ավերացրել, որ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը այժմ քննություն է իրականացնում։
«Իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր թույլ չտալու ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անընդհատ փոխգործակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: Այս ողբերգական դեպքը ընդգծում է 3 երկրների ղեկավարների հայտարության բոլոր կետերի անշեղ կատարման կարևորությունը։ Մենք կոչ ենք անում երկու կողմին, որքան հնարավոր է շուտ, վերացնել առկա փոխադարձ գրգռիչ գործոնները հումանիտար դաշտում, փոխանակել գերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով և փոխանակել ականադաշտերի քարտեզները լրիվ ծավալով», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։
Արցախցիների շրջանում մարտակերցի Արամ Տեփնանցի սպանությունը անհանգստություն է առաջացրել և նոր հարցեր բարձրացրել Արցախում բնակվողների անվտանգության վերաբերյալ։
Հադրութից տեղահանված 64-ամյա Նինա Ադամյանի խոսքով՝ կյանքի վերջին տասնամյակներում ստեղծածը պատերազմի հետևանքով կորցնելուց հետո չի ցանկանում այժմ վտանգել երեխաներին ու թոռներին և վերադառնա Արցախ, եթե չկան անվտանգության հստակ երաշխիքներ։
«Գտնում եմ, որ ընդհանրապես Ղարաբաղ վերադառնալու համար, Հադրութ վերադառնալու համար առաջին հերթին բացի բնակելի տարածք տրամադրելը, պետք է անվտանգության երաշխիք լինի՝ 100 տոկոսանոց, որովհետև առաջներում մեզ անվտանգության գոտի ունեինք՝ կիլոմետրերով, իսկ հիմա 50 մետր այն կողմ թուրք է, 100 մետր այնկողմը թուրք է, առավելագույնը կարող է մեկ կիլոմետր լինի, բայց մինիմում պիտի 5-10 կիլոմետր անվտանգության գոտի լինի, որպեսզի թուրքը չկարողանա սնայպերով խաղաղ բնակչության վրա կրակի», - ասաց Նինա Ադամյանը։