Մարդու իրավունքների միջազգային դատարանը քննում է Հայաստանի և Ադրբեջանի հայցերը միմյանց դեմ: Այս փուլում Հաագայի դատարանը կանդրադառնա հրատապ միջոցի ապահովմանը։ Երևանը, մասնավորապես, միջազգային այս կառույցից պահանջում է մինչև բուն դատաքննությունը միջոցներ ձեռնարկել, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի գերիներին, քաղաքացիական անձանց, փակի Բաքվի կենտրոնում բացված «Ռազմավարի պուրակը», որտեղ ներկայացված են 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից գրաված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայցը ներկայացնելիս հեղինակավոր ատյանին ասաց, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ, ազգային ատելություն է հրահրում:
«Այս դիմումով Հայաստանը ձգտում է կանխել ու հատուցում ստանալ հայերի նկատմամբ կատարված պարբերական բռնությունների ու ատելության դրսևորումների դիմաց։ Հրատապ միջոց կիրառելու միջնորդությամբ Հայաստանը շտապ փորձում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները նրանց սպառնացող անփոխհատուցելի վնասից», - նշեց նա` հավելելով, որ դիմումը և հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը հիմնված են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի վրա։
Պատերազմից հետո էլ Ադրբեջանը շարունակում է հայատյացությունը, Հաագայի դատարանում ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը. «Ադրբեջանը գերեվարել, խոշտանգել, կամայական ձերբակալել է բազմաթիվ հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների և այժմ էլ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունն ու կրոնական վայրերը կամ ժխտում դրանց հայկական լինելը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում հայ ռազմագերիների դատավարությունը, ըստ մասնագետների, մարդու իրավունքների խախտումով է սկսվելԳերիներին Ադրբեջանը համարում է հանցագործներ՝ պնդելով, որ նրանք հրադադարի համաձայնությունից հետո են հայտնվել Ադրբեջանի տարածքում՝ որպես դիվերսանտներ։ Եղիշե Կիրակոսյանը Հաագայից տեսակապով հակադարձեց՝ այդ պնդումը դատարանում չի կարող իրավական հիմք համարվել:
«Կարող են ամեն ինչ էլ ասել, կարող են ասել` տեռորիստներ են, կարող են ասել` դիվերսանտներ են, մի մասին կարող են ասել` լրտեսներ են և այլն, այդ որակումները, կարծում եմ, որևէ իրավական հիմք և պատճառաբանություն առհասարակ չունեն: Կարծում եմ` դրանք ուղղակի միակողմանի և զուտ քաղաքական մանիպուլյատիվ որակումներ են` իրենց զուտ այս պահի պահվածքն արդարացնելու նպատակով: Պարզից էլ պարզ է, որ բոլոր անձինք, ովքեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, անպայմանորեն պաշտպանվում են մարդասիրական իրավունքի շրջանակներում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը:
Ի պատասխան «Ռազմավարի պուրակի» վերաբերյալ քննադատություններին՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ այն «ագրեսորի նկատմամբ իրավունքի և արդարության հաղթանակի խորհրդանիշ է»: Ի դեպ, որևէ պետություն չի դատապարտել Ադրբեջանին տարածքները պատերազմով նվաճելու համար:
«Ավելի սուր և ավելի կոպիտ ցինիզմ ընդհանրապես միջազգային իրավունքի, միջազգային հանրության հանդեպ շատ դժվար է պատկերացնել, որովհետև ի՞նչ է նշանակում «միջազգային իրավունքի հաղթանակի կամ արդարության հաղթանակի մասին»: Բացարձակապես: Ինչի՞ մասին է խոսք գնում, եթե խոսում ենք ռասայական խտրականության մասին, որը միջազգային իրավունքի հիմնաքարային դրույթներից մեկն է` ոտնահարման ուղղակի սիստեմատիկ խախման մասին», - ընգծեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Հայկական կողմն իր հայցում պահանջում է դադարեցնել պատմամշակութային ժառանգության վանդալիզմը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Հայաստանի դեմ հակընդդեմ հայցում Ադրբեջանը ռասայական խտրականության մասին է բարձրաձայնում: Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ անցած 30 տարում 7 շրջաններում Հայաստանը «հիմնահատակ վերացրել է ադրբեջանական հետքը՝ մշակութային ժառանգությունից մինչև նյութական ունեցվածք»։
«Ամեն ինչ չէ, պետք է հիշենք, որ Ադրբեջանի կամ ադրբեջանական ներկայացուցիչների կողմից հնչում է, իրական է, հիմնավոր կամ արդարացված: Իրենք ամեն ինչ էլ կարող են ասել, ցանկացած հանգամանք, ցանկացած փաստ:
Մենք գործ ունենք դատարանի հետ, և իրականում փաստարկել է պետք, սպասենք մինչև լսումների օրը, այդ ժամանակ ավելի պարզ կլինի, որովհետև հիմա ճիշտ է ես իմ կողմից որևէ մեկնաբանություն անեմ», - նշեց Հայաստանի ներկայացուցիչը:
Ադրբեջանի համար իրավական հետևանքներ կարող են առաջանալ, եթե դատարանը որոշի, օրինակ, փակել ռազմավարի պուրակը, իսկ Բաքուն հրաժարվի, ասում է Եղիշե Կիրակոսյանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է գործընթաց սկսել. «Ես ճիշտ չեմ համարում այս փուլում հարցին այդ տեսանկյունից նայել, որ իրենք ինչ-որ չեն կատարի, մենք կհայտնվենք վատ վիճակում, բացարձակ: Իմ կարծիքով` արդեն Հայաստանը շահել է, որ այս պրոցեսը նախաձեռնվել է, և պետք է ավելի ու ավելի շատ համոզիչ ապացույցներ շարունակենք ներկայացնել»:
Այժմ Հայաստանի միջնորդության դեմ փաստարկներն են ներկայացնում Ադրբեջանի ներկայացուցիչները։ Փիթեր Գոլդսմիթը հայտարարեց, թե Հայաստանի հայցը պետք է մերժվի, քանի որ Ադրբեջանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները. «Սահմանափակ թվով հայեր, որ շարունակում են մնալ Ադրբեջանում, մեղադրվում կամ դատապարտվել են ծանր հանցագործությունների` ներառյալ կտտանքերի համար»:
Դատավարությունը դեռ մի քանի օր կշարունակվի, Ադրբեջանն է պատասխանելու Հայաստանի հայցին, ապա հայկական կողմն արձագանքելու է, հաջորդիվ՝ նույն փուլերով կլսվի Ադրբեջանի հայցը։