ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր և վաղը լսումներ կանցկացնի՝ քննարկելու Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի շրջանակներում միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդությունը։
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի խախտումների հիմքով։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին՝ կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ Բաքվի «Ռազմավարի պուրակի» փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։ Հենց այս հարցերի լուծման համար է Հայաստանը միջանկյալ միջոցի կիրառման միջնորդություն ներկայացրել։
Լսումների երկու օրերի ընթացքում էլ նախ իր փաստարկները կներկայացնի Հայաստանը, ապա Ադրբեջանը։ Նիստերը նախագահելու է ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանի նախագահը։ Համաճարակի պատճառով՝ լսումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով, որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, մյուսները՝ հեռավար:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից «Ազատության»-ը տեղեկացրին, որ Եվրոպական և ՄԱԿ-ի Միջազգային դատարաններում Հայաստանի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանն այժմ Հաագայում է ու մասնակցելու է լսումներին։
Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործընթաց սկսեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիային համաձայն: Ադրբեջանին Հայաստանը մեղադրում է ռասայական խտրականության մեջ, որը շարունակվել է տասնամյակներ շարունակ և սրվել հատկապես 2020 թվականի պատերազմի ընթացքում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը մանրամասնել էր Հայաստանի ներկայացրած հայցի բովանդակությունը։ «Պահանջում ենք, որպեսզի դադարեցնի հայատյաց խոսքը, ատելության խոսքը, ատելության քարոզը, որը, ցավոք սրտի, համակարգային բնույթ է կրում այսօր Ադրբեջանում, ամենաբարձր մակարդակով, և դա, կարելի է ասել, դարձել է ամենօրյա գործելաոճ՝ ամենաբարձր քաղաքական ղեկավարությունից սկսած, վերջացրած ավելի ցածր, ավելի միջին օղակի պաշտոնյաներով, քաղաքական ներկայացուցիչներով, հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչներով, առնվազն դադարեցնել և հետագայում նաև չկրկնել նմանատիպ խախտումներ: Ինչպես նաև խոսքը գնում է իրավունքի խախտման, կամ միջազգային իրավական պարտավորությունների խախտման ընդունման փաստի մասին` acknowledgement-ի մասին։ Acknowledgement-ը կարծում եմ դա առանցքային է, դա կարող է դրսևորվել ընդհանուր ներողություն խնդրելու միջոցով և նաև, բնականաբար, հատուցման, որովհետև այս խախտումների հետևանքով հարյուր հազարավոր մեր հայրենակիցների պատճառվել են վնասներ», - ասել էր Կիրակոսյանը։
Հայաստանի դիմումից կարճ ժամանակ անց Ադրբեջանը ևս Հայաստանի դեմ նույնաբովանդակ հայց ներկայացրեց՝ պնդելով, թե Հայաստանն է իրականացրել և իրականացնում մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:
Երկու կողմերն էլ պահանջում են վնասի փոխհատուցում և ժամանակավոր միջանկյալ միջոցների կիրառում, որոնք նախատեսված են վարույթի ընթացքում իրավիճակի սրումը կանխելու համար:
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով նախնական լսումները տեղի կունենան հոկտեմբերի 18 և 19-ին։