Մատչելիության հղումներ

Հայաստանը Ադրբեջանի դեմ գործ է հարուցել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում


Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի շենքը
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի շենքը

Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ։ Լուրը հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը:

Հայաստանը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասայական խտրականության է ենթարկել հայերին», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»:

Հայաստանը շեշտում է, որ այդ բռնություններն ուղղված են հայկական ազգության կամ հայկական ծագում ունեցող անհատների դեմ։ Որպես ամենաթարմ օրինակ բերվում է 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան։

Պաշտոնական Երևանն իր հայցում ընդգծում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները:

«Պահը հասունացել էր, Հայաստանը պետք է քայլ աներ՝ գոնե իրավական միջոցով զսպելու ադրբեջանական ագրեսիան», - ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն է վստահեցնում՝ ընդգծելով, որ միջազգային ամենահեղինակավոր դատարանն է հիմա զբաղվելու խնդրով, ինչը նշանակում է ավելի բարդ ընթացակարգ, սակայն ավելի մեծ արդյունքի ակնկալիք, քան կարող էր տալ Եվրոպական դատարանը։

Բովանդակության մանրամասներին դեռ ծանոթանալ է պետք, սակայն մասնագետն արդեն հասցրել է մի քանի էջ թերթել ու նկատել, որ հայցում հիմնական դերակատարը Իլհամ Ալիևն է. - «Նրա կողմից տարածվող այդ ատելության խոսքը դա պետական հանրային քաղաքականությունն է, հայատյաց քաղաքականությունն է։ Եվ այս հայցը, ամենակարևորը, Հայաստանի և Հայաստանի ժողովրդի համար իրավական պաշտպանության միջոց է, ինչպես նաև զսպելու համար Ադրբեջանին»։

Ադրբեջանն արդեն հայտնել է Հայաստանի դեմ հակընդդեմ հայց ներկայացնելու մասին։ Այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան «Ինտերֆաքսին» տեղեկացրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով հայց ներկայացնելու մտադրության մասին։

«Կցանկանայի նշել, որ Հայաստանի կողմից մեր տարածքների մի մասի անօրինական օկուպացայի ավարտից հետո փութաջանորեն հավաքվել և փաստաթղթավորվել են ադրբեջանցիների նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքեր: Այդտեղ ներառված են ադրբեջանցիների բռնի արտաքսման, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, էթնիկ պատկանելության հիմքով սպանությունների դեպքեր», - ասել է Աբդուլլաևան:

Նրա խոսքով, հսկայական տարածքների ականապատումը և այն, որ Հայաստանը հրաժարվում է տրամադրել դրանց քարտեզները, անհնար է դարձնում հարյուր հազարավոր հարկադիր տեղահանվածների վերադարձը: Ի դեպ Հայաստանը որոշ ականապատ դաշտերի քարտեզներ պատերազմից հետո փոխանցել է Ադրբեջանին, ինչից հետո տեղի է ունեցել 30 գերիների վերադարձ։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով, Բաքվի հայցը ևս շատ լուրջ է. - «Փոխհավասարակշռված է։ Մի կողմը մյուսին չի կարող մեղադրել, որ դուք իրավական գործընթացով խոչընդոտում եք քաղաքական գործընթացը»։

Հաագային դատարան դիմելու այս գործընթացն արդեն 9 տարվա պատմություն ունի, այսինքն՝ նախկին իշխանություններն են դրա մեկնարկը տվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը կասեցվել է։ Կա տեսակետ, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը չվտանգելու նպատակով է հետքայլն արվել։

Այսօր Բաքվի բանտերում, ոչ պաշտոնական տվյալներով, մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Այս ընթացքում ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը պնդել է բանակցային գործընթացին վերադառալու անհրաժեշտության մասին։

«Ազատության» հարցին, թե արդյոք իրավական այս համարձակ մոտեցումը չի վնասի դիվանագիտությանը, Արա Ղազարյանը արձագանքեց՝ քաղաքական դաշտում այսօր Հայաստանը հավասար պայմաններում չէ, Ադրբեջանը ավելի ուժեղ դիրքերում է, մինչդեռ իրավական այս քայլով հավասարության նշան է դրվում. - «Իմ կարծիքով, մենք չենք վնասի, նույնիսկ եթե մենք վնասենք էլ, արդեն իրերի վիճակը այն աստիճանի սրության է հասել, երբ որ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից որևէ ռացիոնալ քայլի բացակայությունը, այս իրավական գործընթացը այս իմաստով ճիշտ ժամանակին է բերվել։ Նույնիսկ եթե քաղաքական գործընթացը վնասի, ապա միևնույն է՝ ավելի կարևոր է, որ այս հարցը բերվի, որովհետև սրանով կողմերը մտնում են իրավական դաշտ, որտեղ կողմերի հնարավորությունները հավասար են»։

Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, կանխարգելել հետագա վնասը, հատուցել արդեն պատճառված վնասը»: Մի շարք հրատապ պահանջներից է նաև Բաքվի «ռազմավարի պուրակի» փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Ինչքանով է սա իրատեսական՝ հաշվի առնելով, որ եթե նույնիսկ հայցը բավարարվի, ՄԱԿ-ի կատարողական մեխանիզմները կատարյալ չեն, շատ որոշումներ մնում են թղթի վրա։ Վառ օրինակը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձևերն են, որոնց մոտ 30 տարի հղում էր անում Ադրբեջանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Ղազարյանն, այդուհանդերձ, ընդգծում է, որ հաջողության հասնելու դեպքում սա կդառնա պատմական փաստաթուղթ. - «Եվ այդ փաստաթուղթը կարող է օգնել նաև Արցախի անկախության հարցին, որովհետև այդ ռասիստական քաղաքականությունը, բոլորս գիտենք, որ նախևառաջ պայմանավորված էր Արցախի հանգամանքով, Արցախի կողմից անկախության, և սա ի իվերջո կարող է նպաստել դրան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG