Ըստ մեղադրանքի` Վարդան Ղուկասյանի կողմից օտարված համայնքային գույքի վրա կալանք է դրվել. դատախազ

Գյումրիի գտնվող պետական ու համայնքային գույքը, որին առնչվող դրվագներով մեղադրանք է առաջադրվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, կալանքի տակ է դրվել։

«Խոսքը, եթե չեմ սխալվում, 24 գույքի մասին է` առանձին վերցրած հողակտորներով: Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Հողակտորները, այդ գույքի վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն որոշում է կայացվել կալանք դնելու մասին», - այսօր որոշ մանրամասներ փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

13 տարի Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ղուկասյանին դեռ ամռանը մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 38 դրվագներով։ Նախկին քաղաքապետին հարցաքննել են, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ըստ իրավապահների` Ղուկասյանը 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով պետական ու համայնքային մի շարք հողամասեր ու շենքեր է օտարել իրեն կամ այլ անձանց։ Ընդ որում, եղել է գույք, որի օտարումն ընդհանրապես օրենքով արգելված էր։

Ավելի վաղ պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ աղմկահարույց պատմությունների կենտրոնում եղած Վարդան Ղուկասյանը Ազատությանը» տված հարցազրույցում քաղաքական պատվեր էր որակել իրեն առաջադրված մեղադրանքը, պնդել էր, թե վաղեմության ժամկետն անցել է. «Զարմանում եմ, որ ԱԱԾ-ն թաղած էս երկրի լուրջ խնդիրները, հանձնարարվում է Ազգային անվտանգությանը, որ գնացեք, Ղուկասյան Վարդանի 10 տարի վաղեմության ժամկետն անցած գործերը նորից քննարկեք, որն ստուգվել է բոլոր պետական կառույցների կողմից, տարիներով ստուգվել է, և այսպես քաղաքական պատվեր են իջեցնում: Մենք մաքուր ենք, աշխատել ենք` ի շահ ժողովրդի», - ասել էր նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի համայնքային գույքը կալանքի տակ է դրվել 745 հազար դրամի համար

Շիրակի մարզի դատախազը հակադարձեց Ղուկասյանին. «Վաղեմության ժամկետը վերաբերում է քրեական պատասխանատվություն ենթարկելուն»:

Օտարված համայնքային գույքը վերադարձնելու հետ ի՞նչ մեխանիզմ կա, «Ազատությունը» հետաքրքրվեց Շիրակի մարզի դատախազից։ «Հետագայում եթե անձը մեղավոր ճանաչվի հիշյալ արարքների համար, արդեն համայնքն իրավունք կստանա քաղաքացիական հայցով դնի պահանջը», - պատասխանեց նա:

Ստուգումների ու դրանցից «մաքուր դուրս գալու» մասին խոսող Ղուկասյանը նկատի ունի իր հաջորդի՝ Սամվել Բալասանյանի օրոք իրականացված ստուգումները։ 2012-ին պաշտոնը ստանձնելուն պես Բալասանյանը հայտարարել էր, թե Ղուկասյանը 1 մլրդ դրամից ավելի պարտք է ժառանգել իրեն: Քաղաքապետարանում անցկացված աուդիտի, Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում Ղուկասյանի օրոք հաստատված որոշ ծախսեր անհիմն էին որակվել ու դադարեցվել։ Այդ ստուգումների արդյունքում քրեական գործեր հարուցվեցին քաղաքապետարանի առանձին պաշտոնյաների նկատմամբ, սակայն անձամբ Վարդան Ղուկասյանի դեմ այն ժամանակ որևէ քրեական գործ չհարուցվեց։

Այժմ Ղուկասյանի գործունեությունը ուսումնասիրած իրավապահները հայտնում են, որ պաշտոնավարման տարիներին նա մի քանի գույք է օտարել իրեն ու եղբորը պատկանող «Ամբերդ» ՍՊԸ-ին: Այս ընկերությանն է օտարվել նաև Գյումրիի կենտրոնական զբոսայգու մի քանի հատված, որտեղ սրճարան է կառուցվել, մինչդեռ օրենքով զբոսայգու տարածքի օտարումն արգելվում է։ Ղուկասյանը պնդում է՝ «Ամբերդը» լուծարվել է, իսկ այգու այդ հատվածը, որ քարուքանդ էր, իրենք համապատասխան թույլտվություններով բարեկարգել են, գումար են ներդրել։

«Օազիսը», որ կառուցվել է, մեծերը հիշում են, որ էդտեղ լողավազան էր բաց, մենք էդտեղ մեծացել ենք, երկրաշարժի ժամանակ ամբողջությամբ քանդված, թալանված, բետոնային մի խայտառակ վիճակում գտնված էդ կառույցը բերել, հսկայական ներդրում է արվել, մարզպետարանը հաստատել է, Քաղաքաշինության նախարարությունում հաստատվել է, բերվել, դարձվել է Դենդրոպարկ», - ասում է Վարդան Ղուկասյանը:

Սրճարանի ապամոնտաժել-չապամոնտաժելու համար նշանակված փորձաքննությունն արդեն մի քանի տարի է` չի ավարտվում։ Պարզվեց՝ դեռ եզրակացություն չկա:

Քաղաքային իշխանությունը այգին տրամադրել է «Թումոյին», բայց մի քանի տարի է` տեխնոլոգիական ստեղծարար կենտրոնը չի կարողանում սկսել բարեկարգումը, քանի դեռ չի լուծվել սրճարանի ապամոնտաժման հարցը։ «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, թե իրենք ծրագրից չեն հրաժարվել, նախագիծն էլ ունեն, սպասում են իրավապահների գործողությունների ավարտին:

Ավագ Ղուկասյանից բացի, մեղադրյալ է նաև կրտսեր Ղուկասյանը, բայց այլ քրեական գործով։ Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի համար: Դատարանը նրան կալանավորելու որոշում է ընդունել, բայց իրավապահներին չի հաջողվել գտնել նախկին քաղաքապետի որդուն։ Նա հետախուզվում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերաքննիչ դատարանի որոշմամբ` Վարդան Ղուկասյանի որդին կկալանավորվի