Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանը քաղաքական պատվեր է համարում իրեն առաջադրված մեղադրանքը


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքական պատվեր է որակում իրեն առաջադրված պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու մեղադրանքը։

«Էս ամեն ինչը զարմանալի է, որ էս ընտրությունների ժամանակահատվածում է տեղի ունենում։ Միանշանակ քաղաքական պատվեր է, հերթական շոուն է, հերթական բեմականացումն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղուկասյանը։

Գլխավոր դատախազությունը երկու օր առաջ հաղորդեց, որ 1999-ից մինչև 2012 թվականը Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 38 դրվագներով։ Նախկին քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ըստ իրավապահների, Ղուկասյանը 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով պետական ու համայնքային մի շարք հողամասեր ու շենքեր է օտարել իրեն կամ այլ անձանց։

Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում որոշ դրվագներ մանրամասնեց գույքի օտարման գործընթացից, որտեղ չարաշահումներ են բացահայտել. - «Հողամասերը օտարվել են տարբեր սուբյեկտների, վերջինի հետ բարեկամական, հարազատական կապերի մեջ գտնվող անձանց, այդ թվում նաև, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ՝ ինքն իրեն»։

Վարդան Ղուկասյանը հերքում է, որ ինքը եղել է աճուրդային հանձնաժողովի նախագահ, ուստի և չէր կարող ինքն իրեն գույք օտարել. - «Այլ մարդիկ են եղել աճուրդային հանձնաժողովի նախագահ։ Բացի դրանից, քաղաքաշինական խորհուրդ է եղել, ամբողջ Հայաստանում էդպես է՝ տեղական ինքնակառավարման օրենքին համահունչ։ Քաղաքաշինության խորհուրդը եթե որոշում է կայացնում, քաղաքապետը իրավունք չունի այդ որոշմանը դեմ գնալու»։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Ղուկասյանը մի շարք գույքեր է օտարել իրեն ու եղբորը պատկանող «Ամբերդ» ՍՊԸ-ին: Ընկերությանն է օտարվել նաև Գյումրիի կենտրոնական զբոսայգու մի քանի հողատարածք, որտեղ սրճարան է կառուցվել, մինչդեռ օրենսդրությունը զբոսայգու տարածքից օտարումն արգելում է։

«Եթե հանդիսանում է կանաչապատ գոտի, բնականաբար արդեն իսկ, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առկա է սահմանափակում, և նշված հողամասին օտարումն արգելվում է», - ասաց դատախազի տեղակալը։

Ղուկասյանը հակադարձում է՝ ժամանակին իրենք համապատասխան կառույցներից այդտեղ շինություն կառուցելու թույլտվություն ունեցել են. - «Ինչ մնում է էդ «Ամբերդ» ՍՊԸ-ին, որը հիմա, ինչքան գիտեմ, լուծարված է... այնտեղ «Օազիսի» մասին էր խոսքը, էդ «Օազիսը» որ կառուցվել է, մեծերը հիշում են, որ էդտեղ բաց լողավազան էր։ Երկրաշարժի ժամանակ ամբողջությամբ քանդված, թալանված, խայտառակ վիճակում գտնված էդ կառույցում հսկայական ներդրում է արվել, մարզպետարանը հաստատել է, Քաղաքաշինության նախարարությունում հաստատվել է, բերվել, դարձվել է դենդրոպարկ»։

Իրավապահները, Հովհաննես Պողոսյանի փոխանցմամբ, հողի նշանակության փոփոխման փաստաթղթերի կեղծիք են բացահայտել և չեն բացառում այլ կառույցներ ու անձանց ներգարվվածությունը. - «Աճուրդային գործընթացը, դրանից հետո նաև համապատասխան գույքերի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը չէր կարող միանձնյա լինել, որովհետև էստեղ մենք ունենում ենք մի շարք անհրաժեշտ փաստաթղթային հիմքեր, որի հիման վրա պետք է կատարվեն համապատասխան գրանցումները։ Այդ պրոցեսում մենք ունեցել ենք նաև որոշակի կեղծիքներ, և նշված կեղծիքների հիման վրա արդեն անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումներ։ Նշված հանգամանքները ևս մանրակրկտորեն ստուգվում են»։

Վարդան Ղուկասյանը պնդում է, որ իրենք մաքուր են աշխատել և իր պաշտոնավարման տարիներին քաղաքն են կառուցապատել. - «Հա, լավ ենք արել տվել ենք, մարդիկ բնակարան են կառուցել, կենցաղսպասարկման օբյեկտներ են կառուցել... ի՞նչ վատ բան ենք արել։ Էնպիսի մի բան ենք արել, որ որտեղ քայլում ենք, ասում են՝ օղորմի հորն ու մորդ... Հըմի սրանք էս աշխարհի, էս երկրի լուրջ հոգսերը՝ թուրքը դիմացներս կանգնած, ընկել են էս քաղաք շինող մարդու հետևից, իրանց ֆեյքերով ինչ ասես գրում են»։

Առաջիկայում Գյումրիում համայնքապետի ընտրություններ են սպասվում։ 13 տարի քաղաքը ղեկավարած Ղուկասյանն ասում է, որ ցանկություն չունի մասնակցել դրանց, բայց նաև չի բացառում՝ եթե որոշ հանգամանքներ ի հայտ գան. - «Ասենք որ քաղաքապետ դարձա, ո՞ւմ հետ պիտի աշխատեմ, ո՞ւմ հետ, ո՞ր ղեկավարության հետ։ Ճիշտն ասած, ես ցանկություն չունեմ։ 80-90 տոկոսով չեմ մասնակցելու, բայց մի բան կա, եթե դա եղավ, կմասնակցեմ։ Էդ էլ թույլ տվեք չպատասխանեմ»։

60-ամյա Վարդան Ղուկասյանը 2017-ին պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքով, իսկ այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG