Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Շիրակի մարզի դատախազության դատավարական հսկողության ներքո Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, «հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ երբեմն անձամբ մասնակցելով հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող, 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ»: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Գյումրիի քաղաքային զբոսայգու առանձին տարածքներին, Գյումրի քաղաքի Ֆուրմանով, Ռուսթավելու, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերին, Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող հողամասին, Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ. Ճարտարապետ փողոցի մի քանի հողամասերին, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասերին, Մուշ 2 թաղամասի 11/11 հողամասին, «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից մի հատվածին, Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությանը, թվարկում է Դատախազությունը:
«Արդյունքում համայնքապատկան կամ պետական սեփականության գույքն օտարվել է առանձին դեպքերում անձամբ իրեն, ինչպես նաև այլ անձանց, սուբյեկտների, և ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա դրանց նկատմամբ գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը:
Հանցավոր այս արարքների հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ», - ասված է հաղորդագրությունում:
Այսօր Գյումրիի նախկին քաղաքապետին առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», 9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով («պաշտոնեական կեղծիք», 19 դրվագ), Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Գյումրիի նախկին քաղաքապետին պետական, համայնքային բազմաթիվ գույքեր չարաշահումներով օտարելու մեղադրանք է առաջադրվել
Ուղիղ հեռարձակում