Պաշտոնական Թբիլիսին հերքում է արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հայտարարությունը, թե չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին՝ Վրաստանը պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի Հարավային Կովկասի երեք երկրների և նրանց երեք մեծ հարևանների համատեղ հարթակում։
Արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ու պնդել, թե Զալկալիանիի խոսքերը սխալ են մեկնաբանվել։
Զալկալիանին նույն օրն ավելի վաղ Վրաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ասել էր, թե չնայած Մոսկվան որևէ քայլ չի անում Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեօկուպացիայի ուղղությամբ, այդուամենայնիվ «Վրաստանը գոնե ինչ-որ ձևով պետք է ներկայացված լինի նման խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած ՌԴ-ի հետ տարաձայնություններին` Թբիլիսին հայտարարում է «3+3» ձևաչափում ինչ-որ կերպ ներկայացված լինելու մասին«Ցավոք, սոցիալական ցանցերում տարածվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ հանրային հեռարձակողին տված հարցազրույցի սխալ մեկնաբանությունը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկում այսպես կոչված «3+3» ձևաչափով Վրաստանի մասնակցությունը Ռուսաստանի հետ։ Չնայած դրան, միտումնավոր տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր նախարարը հաստատել Է Վրաստանի մասնակցությունը», - ավելի ուշ հայտարարել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Այսպիսով պաշտոնական Թբիլիսին գոնե այս պահին հերքում է իր մասնակցությունը տարածաշրջանային բանակցային հարթակում, որին ներկայացված պետք է լինեն Հայաստանը, Վրաստանը և Արդրբեջանը ու նրանց երեք մեծ հարևաները՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսին Երևանին և Բաքվին երկխոսության հարթակ է առաջարկումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ՝ անցած շաբաթ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո ասել էր, թե իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է այս նախաձեռնությունը:
Լավրովը շեշտել էր, թե Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան գաղափարի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն, իսկ Հայաստանի հետ քննարկումները շարունկվում են, և հույս էր հայտնել, որ Վրաստանը ևս կկարողանա տեսնել իր հիմնական շահը նման մեխանիզմ ստեղծելու մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան․ Լավրով Լավրովի այս հայտարարություններից հետո Վրաստանի արտգործնախարարը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հարց էր բարձրացրել՝ «իսկ ի՞նչ կշահի Վրաստանը, եթե դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից»։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
Թբիլիսին վերջին շրջանում ակտիվ ներգրավված է տարածաշրջանային գործընթացներում։ Վերջին օրերին Վրաստանի վարչապետն այցելել էր Բաքու և Երևան, իսկ ավելի վաղ հայտարարել, թե պատրաստ է ստանձնել միջնորդի դերը հայ-ադրբեջանական հնարավոր հաշտեցման հարցում։
Այսօր էլ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին Բաթումիում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե Թբիլիսին հարևան երկրների համար ակտիվ միջնորդի դեր է ստանձնելու։
«Մենք հունիսին արդեն ունեցել ենք միջնորդության հաջող նախադեպ, երբ իմ անմիջական ջանքերի և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համաձայնությամբ մեզ հաջողվեց ազատել գերիներին, ինչպես նաև քարտեզները հանձնել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ եմ այս ուղղությամբ:
Քննարկման հիմնական թեմաներից էր համագործակցությունը տարածաշրջանի ձևաչափով, և Վրաստանը ակտիվորեն միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էդողանն էլ անցած ամիս հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել, որը փոխանցել է Վրաստանի վարչապետի միջոցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արելՈւ մինչ Թբիլիսին ակտիվացնում է միջնորդական առաքելությունը, ընդդիմադիրները կոշտ քննադատում են իշխանություններին՝ Ռուսաստանի ներգրավմամբ որևէ ձևաչափին մասնակցելու հնարավորության համար։ Հենց այդ քննադատություններից հետո էլ Վրաստանի արտաքին գործերի նախարարարությունը ստիպված էր անցած շաբաթավերջին հատուկ հաղորդագրությամբ պարզաբանել արտգործնախարարի՝ մի քանի ժամ առաջ արած հայտարարությունը։
Թեև վեցակողմ այս ձևաչափի մասին խոսվում է շուրջ մեկ տարի, սակայն, մինչ այս պահը հստակ չէ՝ ինչ տեսք է այն ունենալու․ կազմակերպություն, թե զուտ հարթակ՝ հարցերը քննարկելու համար, արդյոք այստեղ կայացվելու են որոշումներ, և եթե այո՝ ում կողմից և ինչ ձևաչափով։