Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի վարչապետներն արդյունավետ են գնահատել երկկողմ բանակցությունները


Ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Փաշինյանը վերադարձել է Երևան:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից, ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։

Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ քննարկելով հայ-վրացական հարաբերությունների օրակարգը։ Քննարկման առանցքային հարցերից է եղել տարածաշրջանում կայունության, խաղաղության և զարգացման դարաշրջան բացելու հեռանկարը։

Վարչապետի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Բաթում քաղաքում՝ Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ, որի ընթացքում վարչապետին են ներկայացրել զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ենթակառուցվածքների բարելավմանը միտված միջոցառումները։ Հայ և վրաց գործընկերները գոհունակություն են հայտնել բանակցությունների ընթացքից և պայմանավորվել շարունակել ակտիվ շփումները թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական ձևաչափերով։

XS
SM
MD
LG