Վրաստանում իշխող կուսակցությունը հաղթում է ՏԻՄ ընտրություններում, մի քանի քաղաքներում կլինի երկրորդ փուլ

«Վրացական երազանքը» տոնում է հաղթանակը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղական ընտրություններում հավաքել է ձայների գրեթե կեսը, սակայն խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ՝ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժման» թեկնածուի մասնակցությամբ։

Սաակաշվիլին, որ քվեարկության նախօրեին էր վերադարձել հայրենիք և ժամեր անց ձերբակալվել, բանտում հայտարարել է հացադուլ` հավելելով, թե ոգևորված է Թբիլիսիում ընտրությունների արդյունքներով։

Ընդդիմությունը հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունները համարում էր արտահերթ ընտրությունների հանրաքվե և ասում, որ դրանք պետք է վերջ դնեն «Վրացական երազանքի» իննամյա կառավարմանը։ Այս տարվա գարնանը Եվրամիության միջնորդությամբ Վրաստանի քաղաքական ուժերի միջև ստորագրվել էր համաձայնագիր, որի կետերից մեկում նշված էր, եթե իշխող կուսակցությունը տեղական ընտրություններում ստանա ձայների 43 տոկոսից պակաս, հաջորդ տարի պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Շաբաթներ անց, սակայն, իշխող կուսակցությունը չեղարկել էր գործարքը: Երեկ էլ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է՝ ընտրություններն ապացուցեցին, որ իրենք վայելում են ժողովրդի վստահությունը։

«Վրացական երազանքն» ամբողջ Վրաստանում վստահ հաղթանակ է տարել և 47 տոկոս արդյունքով հերթական անգամ բնակչությունից իշխանության մանդատ է ստացել։ Ընտրություններն անցել են հանգիստ և ազատ մթնոլորտում։ Ընդդիմությունը չկարողացավ հասնել ցանկալի նպատակին և ստանալ այն արդյունքը, որով կփորձեր երկրում քաղաքական ճգնաժամ և անկարգություններ հրահրել», - ասել է նա:

Կալաձեն ընտրությունների արդյունքներից գոհ է

Թբիլիսիի գործող քաղաքապետ, իշխող կուսակցության անդամ Կախա Կալաձեն հավաքել է 45 տոկոսից ավելի ձայն և ստիպված է գնալ երկրորդ փուլի։ Այդուամենայնիվ, Կալաձեն հայտարարել է, թե ընտրությունների արդյունքներից գոհ է և համոզված է` երկրորդ փուլում նույնպես կհաղթի:

«Մենք վստահ հաղթանակի հասանք, բայց, ցավոք, չկարողացա անցնել 50 տոկոսանոց շեմը։ Սակայն ես հարգում եմ թբիլիսցիների ընտրությունը, հնարավոր է՝ ես ինքս որոշ բացթողումներ եմ ունեցել, բայց ես պատրաստ եմ մասնակցել երկրորդ փուլին, շարունակել նախընտրական քարոզարշավը և հաղթել։ Մենք պետք է շատ կարևոր նախագծեր իրականացնենք», - շեշտել է գործող քաղաքապետը:

Սաակաշվիլին Ուկրաինային չեն հանձնի

Միջազգային դիտորդները հաստատել են, որ հոկտեմբերի 2-ի ընտրությունները մրցակցային էին` միաժամանակ նշելով, որ գործընթացը ստվերել են անհավասար պայմանների, ճնշումների և ընտրակաշառքի վերաբերյալ լայնորեն տարածված մեղադրանքները։

Ընդդիմադիրները դեռ չեն հստակեցրել՝ ինչ քայլերի են դիմելու։ Անցած տարի խորհրդարանական ընտրությունների արդյունքները նրանք չէին ճանաչել և տևական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացրել Թբիլիսիի կենտրոնում։ Այս պահին հաղորդվում է միայն, որ Սաակաշվիլիի մի խումբ աջակիցներ հավաքվել են Ռուսթավի քաղաքի բանտի մոտ, որտեղ և գտնվում է նախկին նախագահը։ Վերջինս մեղադրվում է առնվազն 4 քրեական հոդվածներով, որոնցից երկուսով արդեն հեռակա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլիի ձերբակալության առնչությամբ Բրյուսելը զսպվածության կոչ է անում Վրաստանի իշխանությանը և ընդդիմությանը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ այս գործերին կարող է ավելանալ ևս մեկը՝ սահմանն ապօրինի հատելու փաստով: Սաակաշվիլիի ձերբակալութունից երեք օր անց՝ մինչև այսօր էլ հստակ չէ, թե ինչպես է հեռակա ազատազրկման դատապարտված, միջազգային հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլիին հաջողվել հատել Վրաստանի պետական սահմանը: Տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնցից մեկի համաձայն` նա սահմանը հատել է բեռնատար մեքենայոով:

Վրաստանի իշխանությունները նաև հայտարարել են, որ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինային չեն հանձնի, և նա կմնա բանտում այնքան, որքան անհրաժեշտ է: Այս մասին, մասնավորապես, երեկ հայտարարել էր Վրաստանի վարչապետը: