Եվրախորհուրդը բանակցություններ է սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ փոխադարձ վստահություն ստեղծելու համար

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ, արխիվ

«Մենք բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ երկու երկրների միջև փոխադարձ վստահություն ստեղծելու համար», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում։

Նա նշել է չկարգավորված հակամարտություններում երկխոսությանը մասնակցելու՝ Եվրոպայի կարևոր դերը ժողովրդավարական անվտանգություն ապահովելու համար և ասել, թե կարևոր է, որ Եվրոպայի խորհրդի կառույցներն անարգել մուտք ունենան այդ շրջաններ։

Պեյչինովիչ-Բուրիչի խոսքով՝ կողմերի միջև հակամարտության կարգավորման համար վստահություն ստեղծելու միջոցները կարևորագույն գործոններից են, և քանի որ երկու երկրները չեն առարկում, այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵԽԽՎ բանաձևը «հիմնականում օբյեկտիվ իրականության արձանագրում է». փորձագետԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև

Նյու Յորքում մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացել էր Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի, ՄԱԿ-ում հայտարարում է Հայաստանի ԱԳ նախարարը

Հայաստանի արտգործնախարարը կարևորել էր նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը։

Ստրասբուրգում ԵԽԽՎ երեկվա նիստում ելույթում ԵԽ գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը։ «Կենսականորեն կարևոր է, որ ԵԽ անդամ երկրները ամբողջովին կատարեն ՄԻԵԴ-ի վճիռները», - ասել է Պեյչինովիչ-Բուրիչը՝ ընդգծելով, որ այդ պարտականությունը քննարկման ենթակա չէ։