ԵԽԽՎ-ն աշնանային և եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև, հայտնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել բանաձևին։
Ռուբինյանի հաղորդմամբ` վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով, 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը, հետևաբար, այդ պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:
«Վեհաժողովը գտնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության, խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ:
Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել», - նշում է Ռուբինյանը` հավելելով, որ բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին, ինչպես նաև ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան:
Մինչ օրս ադրբեջանական գերությունից վերադարձել է108 հոգի, Բաքուն պնդում է, որ վերադարձրել է բոլոր ռազմագերիներին:
Ըստ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի` բանաձևը նաև վկայակոչում է մտահոգիչ ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկաններին:
Վեհաժողովը շարունակում է մնալ անհանգստացած և ազդված տարածաշրջան միջազգային կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն:
Ավելի վաղ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ողբերգական հակամարտությունից հետո միգրացիոն հանձնաժողովը կազմել է կողմերին ուղղված մի շարք առաջարկներ։
Հանձնաժողովը հաստատել էր բանաձևն ու առաջարկները, որոնք կազմվել են իռլանդացի պատգամավոր Պոլ Գեյվընի զեկույցի հիման վրա, ով այցելել էր Հայաստան և Ադրբեջան։
Հանձնաժողովը ավելի վաղ նշել էր, թե մտահոգված է հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և այլ անօրինական գործողությունների մասին բազմաթիվ մեղադրանքներով՝ վեցշաբաթյա պատերազմի ընթացքում։