«Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել Եվրախորհրդի առջև՝ հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը իրենց երկրներում, ինչպես նաև խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան խնդիրը», - այսօր հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Մոսկվայում՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտում։
«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ են, և երկուսն էլ պարտավորվել են հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով, ինչպես նաև հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Դա ծայրաստիճան կարևոր է», - ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ փաստելով, որ այս հակամարտության համատեքստում կրկին առաջին պլան է մղվում վիճահարույց տարածքներում մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը։
«Անկախ քաղաքականությունից՝ այնտեղ ապրող մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են դա ապահովել, և Եվրախորհուրդը պետք է կարողանա առանց խոչընդոտների մտնել այդ տարածքներ, որպեսզի գնահատենք տեղում տիրող իրավիճակը և հնարավորինս աջակցենք», - հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը։