Ամարասի վրայից իջեցվել է Արցախի դրոշը

Ամարասի վանական համալիրն Արցախում

Ամարասի վանական համալիրի վրայից իջեցվել է Արցախի պետական դրոշը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասացին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և վանքին մոտ գտնվող Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը։

Սրբազանի խոսքով, նախկինում վանքում Արցախի դրոշ տեղադրված չի եղել, սակայն 44-օրյա պատերազմից հետո, երբ շփման գիծը կանգ է առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, որոշել են տեղադրել։

«Տեղադրած ա եղել, ինչքան ես հիշում եմ, ռուսական դրոշ, չգիտեմ ում նախաձեռնությամբ։ Հետագայում այդ ռուսական դրոշը իջեցրել են, չգիտեմ ում նախաձեռնությամբ, և տեղադրել են Արցախի դրոշը։ Այսինքն՝ արարողակարգային, պետական մոտեցմամբ, զուտ որպես այդպիսին արարողակարգ չի եղել։ Եվ բոլորը համակերպվել են, որ դրոշ ա, կա, և այդպես էլ գնացել ա», - «Ազատությանն» ասաց Արցախի թեմի առաջնորդը։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Դրոշի հարցը վերստին մեջտեղ է եկել, ըստ եպիսկոպոս Աբրահամյանի, երբ օրեր առաջ այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժը փորձել է առաջ տալ իր դիրքերը. - «Բերքահավաքի հետ կապված, ադրբեջանցիները մի քիչ ակտիվացել էին, ներքև էին իջել, ինչ-որ դրոշ էին բարձրացրել բլրի վրա, խրամատ են փորել թե ինչ են արել, որպեսզի խաղող հավաքող մարդկանց հոգեբանորեն նեղեն, ճնշեն... ցույց տան, որ իրենք կան այդտեղ, իրենց ներկայությունը ևս մեկ անգամ շեշտադրեն։ Եվ գյուղապետի և գյուղացիների բողոքի հիման վրա խաղաղապահները նրանց իրենց նախկին ելման կետն են տարել, ասել են նաև, որ դրոշը չերևա այնտեղ, ադրբեջանական դրոշը։ Նրանք էլ ասել են, որ մերը չի երևում, թող իրենցն էլ չերևա։ Կարծեմ այսպես է եղել խոսակցությունը։ Դրանից հետո նոր արդեն անդրադարձել են Ամարասի վրա դրոշին։ Հետո որոշել են, որ լավ, կոմպրոմիսի գնանք, էդ դրոշը հանվի։ Եվ իմ՝ համապատասխան մարդկանց հետ խոսելուց հետո, իրենք ասեցին՝ սրբազան ջան, ճիշտ կլինի, որ այս պահին իջեցվի։ Եվ իջեցվեց»։

Հարցին, թե հայկական կողմից ով է կայացրել դրոշը հանելու որոշումը, նա արձագանքեց. - «Պետական կողմից չգիտեմ ով ա Եգորովի հետ բանակցել»։

Սրբազանի հիշատակած Եգորովը՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովն է, ում գլխավորությամբ այս օգոստոսի 22-ին՝ Ռուսաստանի պետական դրոշի օրը, հանդիսավոր արարողությամբ Ստեփանակերտում տեղակայվեց ռուսական հսկայական՝ հիսուն մետրանոց դրոշը։

«Ռուսները ասել են՝ իջեցրեք դրոշը, իջեցրել են»

Լեռնիկ Ավանեսյան

Ամարասին ամենից մոտ գտնվող հայկական գյուղը Մաճկալաշենն է՝ ուղիղ գծով մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա։ Համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանի խոսքով, հենց ռուսական կողմն է պահանջել իջեցնել հայկական դրոշը Ամարասում. - «Ռուսները ինչ-որ գնացել են էնտեղ, ասել են իջեցրեք, իջեցրել են։ Էդ արդեն տեղյակ չեմ»։

Նրա խոսքով, գյուղում խաղաղ է. - «Մարդիկ իրենց գործով զբաղված են։ Ոչ խուճապ, ոչ մի բան չկա»։

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մասին պարբերաբար տեղեկություններ փոխանցող Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ի դեպ, Ամարասի շուրջ տեղի ունեցած այս պատմության մասին լռում է։

4-րդ դարում հիմնված Ամարասի վանքը Արցախի հարավում է՝ Ֆիզուլիից ուղիղ գծով մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա։ Արցախի թեմի առաջնորդի խոսքով, վանական համալիրը շարունակում է լիարժեք գործել, վերանորոգողական աշխատանքները առաջ են գնում, ուխտագնացությունները պարբերաբար են, և շաբաթը առնվազն երեք անգամ վանական համալիր են այցելում ռուս խաղաղապահները` ուղեկցելով հայ ուխտավորներին։