Ամարասի վանքին ամենամոտ՝ Մաճկալաշեն գյուղի վանք տանող ճանապարհին նստած բնակիչները հյուրերին զգուշացնում են՝ թշնամին Ամարասին շատ է մոտեցել, ուշ ժամի մի գնացեք և տեղանքին ծանոթ ուղեկցող ունեցեք:
Գյուղապետի ուղեկցությամբ գնացինք ու համոզվեցինք՝ Ամարասի վանքը հայկական կողմում է և կանգնում, բայց ճակատ-ճակատի ադրբեջանական զորքի հետ: Ստիպված փակել են համալիրի գլխավոր մուտքը:
Նախկին հպարտությամբ վանք մտել էլ չի ստացվի, բայց դա էլ է ժամանակավոր, վստահ է Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը: «Գլխավոր մուտքը փակել են, բայց էս քանի օրը կբացվի, ռուսները գալու են այն կողմի վրա դիրքը դնեն: Հակառակորդի պոստերն էն սարի վրա են, գլխավոր մուտքը, որ փակել ենք հենց էդ ուղղությամբ է, ազատ կարան կրակեն մտնելուց կան դուրս գալուց», - ասաց Ավանեսյանը:
«Ազատության» հարցին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, հակառակ կողմից հրադադարի խախտման դեպքեր եղե՞լ են, համայնքապետը պատասխանեց. «Չէ, ընդհանրապես կրակոցներ չեն եղել»:
«Գյուղացիների մոտ 70 տոկոսը վերադարձել է, մի մասն էլ կվերադառնա, դպրոցները բացվելու են», - նշեց նա:
«Մարտական խաչի» շքանշանակիր Ավանեսյանը գյուղի և Ամարասի պաշտպանության համար մղվող մարտերի ժամանակ է վիրավորվել. «Գյուղի պաշտպանության համար մարտեր եղել են, ուժեղ մարտեր, անհավասար, տղաները քաջաբար կռվել են, առաջ էին եկել, գյուղի բարձունքն ուզում էին գրավել կռվի վերջին օրերին, էդ բարձունքների համար թեժ մարտեր են ընթացել, պաշտպանել են տղերքը»:
Վանքի քահանան՝ Հայր Գեղարդը հիմա Ամարասում մնալու հնարավորություն չունի, դեռ չեն հասցրել վերանորոգել երիցատունը: 2019 թվականից սկսված Ամարասի վերանորոգման աշխատանքներն ընդհատվեցին պատերազմի պատճառով: Քահանան ցավով է ասում՝ վերանորոգման փուլում գտնվող վանքն այս ընթացքում նաև թալանվել է:
Համաձայն հայ պատմիչների վկայությունների, Ամարասի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբներին: Նույն աղբյուրների համաձայն, 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը: Տարբեր ժամանակներում ամրոցն օգտագործվել է որպես պաշտպանական համակարգ, իսկ 1832-47 թթ. ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն:
Այսօր քահանան նկատում է՝ անվտանգությունն ապահովելու համար այստեղ ռուս խաղաղապահների ներկայությունն է պետք, խոստացել են ապահովել. «Մինչև Ամարասով ռուսների հետաքրքրվելը կարծեմ մեկ, թե երկու անգամ փորձել է խումբ իջնել այս կողմ, իհարկե, մեր զինված ջոկատները թույլ չեն տվել»: