Ամբաստանյալը՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը և նրա փաստաբանը դատավարությանը շարունակում են մասնակցել բազայի տարածքից։
Ծայրահեղ ծանր պայմաններում ապրող, Գյումրիում մաքրուհու աշխատանք կատարած կնոջ մահվան գործով առանցքային վկա է նրա հարևան Ռուբեն Ածիկյանը։ Վերջինս, ըստ քրեական գործի, հայտնել է, որ ամբաստանյալը դեպքի վայրում հարձակվել է նաև իր վրա և հարվածներ հասցրել:
Ածիկյանը այսօր դատարանում պատմեց այն, ինչ տեսել է 2018-ի դեկտեմբերի 2-ին, երբ վաղ առավոտյան խանութ էր գնացել գնումներ կատարելու. - «Հետևիցս ձեներ էկավ։ Դառա ու ձեռները վերև բարձրցրած, անբնական ձեներով, գել ու գազանի ձենով ձեռները վեր տնգած վրես... Ու հարվածներ ընձի։ Ես էլ վախեցած, պաշտպանվեի գը ձեռներով, ոտքերով։ Մի էրկու ձեռն էլ գլխիս կպավ, տեսա որ հնար չկա, ըսի կայնի փախնեմ։ Ու փախել եմ»։
Ածիկյանը շարունակեց՝ որոշ ժամանակ անց վախը սրտում տուն է վերադարձել, հեռվից նկատել է ոստիկանության ու շտապ օգնության մեքենաները: Մոտեցել ու տեսել է հարևանուհուն. - «Չեմ ճանաչել Ջուլիկին։ Որ սաղ կյանքս իմ հարևանս է էղել։ Անճանաչելի վիճակում»։
Վկայից մեղադրող դատախազները հետքրքրվեցին, թե արդյոք դատարանի էկրանից նիստին մասնակցող ամբաստանյալը իր վրա հարձակված անձն է։ «Եթե ինքը էդ կամերայի միջի տղեն ա, ուրեմն ինքն է», - ասաց Ածիկյանը։
Վայրը, որտեղ գտել էին դաժանորեն ծեծված ու ավելի ուշ հիվանդանոցում մահացած Ջուլիետա Ղուկասյանին, մոտ է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատանը։ Այսօր հրապարակվեց նաև Ղուկասյանի տան արտաքին տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երեևում է, թե ինչպես մի կին քայլում է, հայտնվում է մեկը, որը գնում է կնոջ հետևից, բայց շարունակությունը դուրս է մնում տեսախցիկի տեսադաշտից։ Մի քանի րոպե անց նույն տեսախցիկը ֆիքսում է տղամարդու, որ գալիս ցայտաղբյուրից ջուր է խմում ու հեռանում:
Հրապարակումից հետո վկա Ածիկյանը կրկին պնդեց, որ տեսանյութում իր վրա հարձակված անձն է երևում։
Վկային նաև ամբաստանյալ Ռազգիլդեևը հարց ուղղեց, թե իր վրա հարձակվողը ծեծի ենթարկել է իրեն, թե ոչ: «Էրկու-իրեք անգամ գլխիս ա խփել», - ասաց Ածիկյանը։
Հարցաքննված մյուս վկաներից մեկը գիշերային ակումբի աշխատակից էր, դեպքի գիշերը ամբաստանյալը այդ ակումբում է եղել, մյուսը կանչը գրանցող շտապ օգնության աշխատակիցն էր։
Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին: