Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել է 6 քաղաքական ուժ

Առաջադրումների վերջնաժամկետից մեկ օր առաջ գրեթե ամբողջությամբ պարզ է Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շրջանակը։ Այս պահի դրությամբ մասնակցելու մտադրության մասին հայտնել է կամ ընտրատարածքային հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել 6 քաղաքական ուժ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը նաև կուսակցության քաղաքապետի թեկնածուն է: «Ազատության» հետ զրուցում ասաց՝ դժվար է եղել որոշում կայացնելը:

«Շատ դժվար որոշում եմ կայացրել, որ պետք է գլխավորեմ այդ ցանկը, և այո, գնում եմ այդ պատրաստակամությամբ: Սա համարում եմ լավ շանս, ոչ բոլորին է ընձեռվում լինել այս դիրքում, լինել առաջին համարը և գլխավորել ցանկը և հետագայում էլ եթե ժողովուրդը ընտրի, նաև լինել քաղաքապետ: Ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվում այդ հարցին և համարում եմ իմ համար ամենամեծ պատիվը», - ասաց Հարությունյանը:

Թե իշխող ուժը ավագանու քանի հոգանոց ցուցակ է ներկայացնելու, տարեսկզբին մարզպետ նշանակված Հարությունյանը ձեռնպահ մնաց հրապարակել:

Այս ընտրություններին չի մասնակցի Գյումրին արդեն ինը տարի ղեկավարող Սամվել Բալասանյանը, փոխարենը նրա ազգանվամբ նոր դաշինք ստեղծվեց, որի քաղաքապետի թեկնածուն Բալասանյանների ազգականն է՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սանոսյանը։ Արդյոք գործող քաղաքապետի հետ հարաբերությունները լարվա՞ծ էին, հետաքրքրվեցինք մարզպետից:

«Իրենց իրավունքն է սահմանադրական, փորձել են իրացնել և ոչ ոք, այսպես ասած, չի բռնացել նրանց սահմանադրական իրավունքին և ոչ ոք էլ այդ իրավունքը չունի», - պատասխանեց Հարությունյանը:

Հարությունյանը վստահեցնում է՝ վարչական ռեսուրս չի կիրառվի, օրինակ է բերում խորհրդարանի արտահերթ ընտրությունները, համոզված է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը լարվածություն չեն ստեղծի:

«Այն ուժերը կամ այն մարդիկ, ովքեր կփորձեն ստեղծել նման տեսակի իրավիճակ, կարծում եմ, կհասկանան, որ նախ իմաստ չուներ այդ ամեն ինչն իրականացնելու, և երկրորդը՝ օրենքի և պետության հետ չի կարելի նման տեսակի վարքագիծ ցույց տալ, օրենքի սահմանը, օրենքի գիծը չի կարելի անցնել», - ընդգծեց մարզպետը:

ՏԻՄ ընտրություններին արդեն որպես քաղաքապետի թեկնածու կմասնակցի գործող ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, որը նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահն է։ Նա «Ժառանգություն» և «Ռամկավար ազատական» կուսակցությունների ստեղծած «Հայրաքաղաք» դաշինքի առաջին համարն է։ Բարսեղյանն ասում է, որ քաղաքական դաշտում եղած գրեթե բոլոր ուժերին համագործակցելու առաջարկ է արվել, բայց արդյունքում այս 2 ուժն են համաձայնել: Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության շարքերում եղած Բարսեղյանն ինչո՞ւ հիմա որոշեց պայքարել Գյումրիի քաղաքապետի աթոռի համար:

«Համարում եմ, որ իմ անցած 9 տարիների ավագանու անդամ լինելուս ընթացքում ունեցած փորձառությունը և գիտելիքներն ինձ թույլ տալիս են համարձկվել առաջադրվել նման պաշտոնի և ծառայել քաղաքին: Սա, իհարկե, լրջորեն կրճատելու է իմ զբաղվածությունը գրեթե մնացած բոլոր ոլորտներում, ես գիտակցաբար եմ դա անում, համարում եմ, որ ես բավականաչափ պատրաստ եմ այդ ծանր բեռը ստանձնել: Հասկանալի է՝ քաղաքական թիմի հետ որոշումը շատ երկար են մտածել, մինչև նման որոշման են հանգել», - ասաց Բարսեղյանը:

Լևոն Բարսեղյանն ասում է՝ ցանկացած իշխանություն լծակներ կիրառելու տեսանկյունից ունի մրցակցային առավելություն: Բայց նաև օրինակներ է բերում, որ հեղափոխությունից հետո մի քանի համայնքներում նոր իշխանությունները ՏԻՄ ընտրություններում պարտվեցին. նույնը կարող է և հիմա լինել:

«Հաշվի առնելով «Քաղաքացիական պայմանագրի» կամ «Իմ քայլի» փորձը Աբովյան և Կապան քաղաքներում հետհեղափոխական տարիներին, որտեղ պարտվեցին իրենք, նման պրակտիկան կարող է նաև շարունակվել հետագայում Գյումրիում և մնացած տեղերում», - ընդգծեց նա:

Լևոն Բարսեղյանը նշում է, որ Գյումրին, ի տարբերություն մյուս համայնքների, ավելի ազատական է, հիշեցնում է, որ տարիներ շարունակ այստեղ իշխանություններն իրենց ցանկալի քվեն չեն կարողացել ստանալ. «Հայաստանի եղած բոլոր համայնքների մեջ ամենաշատն է ազատագրված կաշկանդումներից, դա շատ հին պատմություն է՝ 13-14 տարվա պատմություն, երբ գործող ռեժիմը Գյումրիում կարողանում էր տանել ընդամենը 25-26 տոկոս»:

Հոկտեմբերի 17-ին նախատեսված ընտրություններին կմասնակցի նաև նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը. ցուցակը գլխավորելու է Հանրապետականի Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանը, որը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազգականն է։

Մասնակցելու մտադրության մասին է հայտնել նաև «Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքը։ Իսկ ահա Գյումրիի ավագանիում մեծությամբ երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, որը նաև Ազգային ժողով չանցավ, չի մասնակցի այս ընտրություններին։

Կուսակցության փոխնախագահ Շաքե Իսայանն ասում է՝ քննարկումների արդյունքում են նման որոշում կայացրել. «Շատ բուռն քննարկումներ էին ընթանում, հատկապես Գյումրիի հետ կապված, բայց վերջնական որոշումը կուսակցության առաջնորդություններից ելնելով մենք որոշում կայացրեցինք այս փուլում որևէ մասնակցություն չունենալ»:

Վերջին ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն Գյումրիում ընդամենը 1501 քվե էր հավաքել, գուցե դա՞ է չմասնակցելու պատճառը: «Ես կասեի այժմյան երկրի իրավիճակը և առհասարակ այն մթնոլորտը, որում մենք անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրությունները», - արձագանքեց Իսայանը: