Հայաստանում շրջանառվող կորոնավիրուսի գերակշիռ տեսակը «Դելտա» շտամն է, հայտարարում է Ավանեսյանը

Գյումրու բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքը կվերաբացվի, նախորդ շաբաթվանից էլ ծավալման աշխատանքներ է սկսել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը։ Պատճառը Հայաստանում համաճարակային իրավիճակն է, որ շարունակում է լարված մնալ։

Վարակվածների թվի աճին նպաստում է «Դելտա» շտամը, հետազոտությունն է ցույց տվել, փաստում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այսօր Հայաստանում շրջանառվող վիրուսի գերակշիռ տեսակը «Դելտա»-ն է, որն իր ագրեսիվությամբ ճնշում է մյուս շտամներին։

«Սիմպտոմների առումով մի փոքր տարբերություն նկատում են մասնագետները, այն ավելի հարբուխային սիմպտոմներ ունի, որը ևս անգլիական շտամին այդքան բնորոշ չէ», - նշեց նախարարը:

Ավանեսյանը ևս մեկ առանձնահատկություն նշեց՝ վարակը երիտասարդացել է, մեծացել է մինչև 50 տարեկան հոսպիտալացված քաղաքացիների թիվը։ «Եթե նախկինում վատթարացման օրերը հիվանդության ի հայտ գալուց 6-րդ, 7-րդ օրերին էր լինում, ապա այս պարագայում շատ դեպքերում անգամ 3-րդ, 4-րդ օրը մենք տեսնում ենք արդեն որոշակի հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների շեշտակի վատթարացում», - նշեց Ավանեսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի թվերի մեծացումը բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը պայմանավորում է մի քանի հանգամանքներով՝ նախ՝ «Դելտա» շտամն ավելի արագ է տարածվում, հետո՝ Հայաստան օտարերկրյա քաղաքացիների թիվը մեծացավ, այդ թվում՝ պատվաստման համար Հայաստան ժամանած Իրանի քաղաքացիների շնորհիվ, բացի այդ կանխարգելիչ միջոցառումներ չէին իրականացվում։

«Վերջին տվյալներով՝ 6-7 հազարի շրջանակներում է լինում մեր իրականացրած թեստերը, ինչը շատ ավելի բարձր է, մոտ գրեթե կրկնակի բարձր է ինչ որ մենք անում էինք մարտ, ապրիլ ամիսներին, և այն ժամանակ կրկնակի պակաս թեստերով մենք հայտնաբերում էինք մինչև 1000 դեպք», - նշեց վարակաբանը:

Նախորդ տարվա մարտի սկզբին Հայաստան հասած վիրուսը տարածման 3 մեծ ալիք ունեցավ, ընդ որում, 44-օրյա պատերազմի օրերին դրական դեպքերի օրական թիվը հասնում էր 2500-ի, մահվան դեպքերինը՝ 30-ի։ Ընդամենը մեկ ամսում, Եվրամիության չափանիշներով դրական՝ «Կանաչ գոտուց» Հայաստանը քովիդի տարածման ցուցանիշներով հայտնվեց վտանգավոր՝ «Կարմիր գոտում»։

Հուլիսի կեսերից վարակվածության դեպքերը Հայաստանում կրկին սկսեցին աճել։ Այս պահին 1000-ից ավելի քաղաքացի հիվանդանոցում է, մոտ 600-ի վիճակը ծանր է։ Այսօրվա վարակվածների ցուցանիշն էլ փոքր չէ՝ 537, իսկ քովիդից մահացածների թիվը 6 է։ Այս պահին 12 բժշկական կենտրոն է սպասարկում քովիդով հիվանդներին։ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն այսօր աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ՝ մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

«Վերջին մեկ շաբաթում ավելի զգալի եղա հիվանդների թվաքանակի աճը, հիվանդանոցում 500 և ավելի մահճակալներ ունենք ծավալված քովիդ հիվանդների սպասարկման համար, որից 110-120-ը վերակենդանացման ծառայությունների համար մահճակալներ են: Ազատ մահճակալներ, իհարկե, միշտ էլ ունենում ենք, բայց դա ստացվում է այսպես՝ դուրս գրվողներ, ընդունվողներ», - ասաց փոխտնօրենը:

Դեռ 10 օր առաջ նախարարությունում կանխատեսում էին, որ օրական դրական դեպքերի թիվը կարող է անցնել 2000-ը, ինչն առայժմ չենք տեսնում։ Բժիշկ-վարակաբանն էլ ոչ միայն գրանցված դեպքերի աճ չի կանխատեսում, այլև Հայաստանում եղած պատկերը մտահոգիչ չի համարում։ Ասում է՝ սա ոչ թե 4-րդ ալիքն է, այլ համավարակի մնացորդները, որը դեպի մարում է գնում։

«Պանդեմիան տևելու է մոտ երկու տարի, սովորաբար այդպես է եղել: Հիմա կարող է մեր բնակչության քանակը շատ կտրուկ փոխվել է, չգիտեմ, կես տարի էս կողմ, էն կողմ ինչ-որ շեղումներ ունենանք, գալիս է մոտ 70-80 տոկոսը, երբ որ արդեն մարդկանց հիվանդացել է, կա մեր իմուն շերտը, արդեն հիվանդությունը նահանջում է», - նշեց վարակաբանը:

Ինչ վերաբերում է մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում վերջին շրջանում վարակվածության թվի մեծացմանը, իսկ այս մասին նաև Առողջապահության նախարարությունն է խոսում, ապա դա, ըստ վարակաբանի, կանխատեսելի էր։

«Վակցինացիան ամեն դեպքում բավականին ակտիվ գնում է, 25 տոկոսը ընդհանուր երկրագնդի բնակչության արդեն իսկ պատվաստված է, ստացվում է, որ հաջորդ թիրախը հենց երեխաներն են մնացել», - ասաց Օհանյանը:

Առաջիկայում ուսումնական տարվա մեկնարկն է, որը կսկսվի առկա ձևաչափով՝ պահպանելով համաճարակային կանոնները։ Նախարարը հույս հայտնեց, որ պատվաստված ուսուցիչների թիվը կմեծանա հոկտեմբերի 1-ից, երբ ուժի մեջ կմտնի ուսուցիչների, դասախոսների համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում այսօր պատվաստվել է մոտ 250 հազար քաղաքացի կամ բնակչության 8.5 տոկոսը։

«250 հազար պատվաստման արդյունքում մենք որևէ լուրջ, կողմնակի ազդեցություն չենք գրանցել, պատվաստված անձանց շրջանում ունենք նաև որոշակի վարակելիության դեպքեր, դրանք մի քանի տասնյակ են: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում նկատվում է, որ, ցավոք սրտի, «Դելտա» շտամի վարակման առումով արդյունավետությունը պատվաստանյութերի մի փոքր նվազել է, բայց այն շարունակում է մնալ շատ արդյունավետ ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կանխելու նպատակով», - նշեց Ավանեսյանը:

Օտարերկրյա քաղաքացիների պատվաստման ցուցանիշը փոքր տոկոս է կազմում՝ վստահեցնում է նախարարը։