COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 239 հազար 342 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 153 հազար 888, երկրորդ դեղաչափ` 85 հազար 454, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը հիշեցնում է, որ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
COVID-ով վարակման նոր դեպքեր` սուր ընթացքով և արագ զարգացող թոքաբորբով
Նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված։
«Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված` կորոնավիրուսի վերջին դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։ Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով», - ասված է հաղորդագրությունում։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 251-ով՝ հասնելով 237 հազար 885-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք։