Կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնների հսկողության խստացումից հետո էլ շատերը դեռ չեն հետևում դրանց։ Ամենակարևոր կանոնը փակ տարածքներում դիմակ կրելն է, ինչն անցած ամիսներին գրեթե չէր պահպանվում։ Վարչապետի՝ օրերս տված հանձնարարականից հետո էլ խոշոր խանութներում, տրանսպորտում հատուկենտ են դիմակ կրողները։
Այսօր Երևանում մեր նկարահանումների ժամանակ տրանսպորտում կանոնների պահպանումը վերահսկող ոստիկանների չհանդիպեցինք։
Երկու օր առաջ վարչապետ Փաշինյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը լարվում է, և որ մեկ շաբաթում 35 տոկոսով աճել են հիվանդացության դեպքերը։ Գործադիրի ղեկավարը հանձնարարել էր խստացնել վերահսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ, հատկապես հետևել փակ տարածքներում դիմակների կրման պահանջին անկախ նրանից՝ քաղաքացին պատվաստվել է կամ արդեն վարակվել է, թե՝ ոչ։ Սրանից հետո տեսչական մարմինները խստացրեցին ստուգումները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչներն այսօր մի քանի խոշոր խանութներում ստուգումներ էին իրականացնում։
«Առաջին անգամ նախազգուշացում, հետո 100-300 հազար դրամ տուգանք է նախատեսվում, դրա համար մուտքի մոտ ինչ-որ մեկը պետք է զբաղվի այդ հարցերով», - ասաց ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը:
Անակնկալ ստուգումներ այսօր իրականացվել են մի շարք խանութներում, «Ազատության» հետ զրույցում ասաց Մայիլյանը. «Իհարկե, վերահսկողությունը եղել է պարբերաբար, ուղղակի այսօրվանից էլ ավելի խստացված է վերահսկողությունը իրականացվում, ուշադրություն ենք դարձնում պաշտպանիչ դիմակներին, աշխատակիցները պարտադիր բոլորը պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, նաև այցելուները: Պետք է նշանակեն պատասխանատու, ով մուտքի մոտ կխնդրի այցելուներին, որ կրեն պաշտպանիչ դիմակներ, նոր ներս մտնեն: Իհարկե, պահպանվել է ախտահանիչ նյութերի պահանջը, որ պետք է ունենան ախտահանիչ նյութեր, փակվող աղբամաններ հատուկ դիմակների համար և գրանցամատյաններ կապված ջերմաչափման հետ: Աշխատակիցները պարտադիր երկու անգամ օրը պետք է ջերմաչափվեն, և գրանցումներ կատարվի դրա վերաբերյալ ու ախտահանության վերաբերյալ, ախտահանություն կատարվի ու գրանցվի»:
Հայկ Մայիլյանը հայտնեց՝ հայտնաբերվել են որոշակի թերություններ, առաջին անգամ կնախազգուշացնեն, հետո արդեն կտուգանեն կանոնները չպահպանած տնտեսվարողին։ Ասաց՝ տարբեր տեղերում տարատեսակ խախտումներ են արձանագրել։
«Հիմա սպասում ենք գրանցամատյաններին, որ մոտեցնեն, տեսնենք պահպանված են, թե ոչ: Աշխատակիցները բոլորը կրում են պաշտպանից դիմակներ, բայց այցելուները՝ ոչ, այցելուների մի մասն էր կրում դիմակ: Առաջին անգամվա համար նախատեսվում է նախազգուշացում, այնուհետև 100-300 հազար դրամ տուգանք: Մի տեղ եղել է ամեն ինչ նորմալ, մյուս տեղում արձանագրություն է կազմվել թե՛ գրանցամատյանների հետ կապված, թե՛ պաշտպանիչ դիմակներ կրելու հետ կապված», - ներկայացրեց տեսուչը:
Դիտարկմանը, որ վերջին ամիսներին կանոնների պահպանման վերահսկողություն չկար և դժվար է վերադառնալ Covid 19-ի կանխարգելման վերահսկողական միջոցառումներին, տեսուչ Մայիլյանն արձագանքեց. «Այո, բայց քանի որ բոլոր խանութներում եթե պարտադրանքը լինի, բնականաբար, այլ տարբերակ չեն ունենալու, չեն կարողանալու առանց դիմակի մտնել ներս, ստիպված կրելու են դիմակներ, դա իրենց առողջության համար է»:
Երեկ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 559 նոր դեպք, սա վերջին ամիսների ամենամեծ թիվն է, և գրեթե ամեն օր վերջին երեք ամիսների նոր ռեկորդ է սահմանվում։
2020-ի մարտի 1-ից ի վեր, երբ Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, քովիդից Հայաստանում մահացել է մոտ 5000 մարդ, ևս 1141 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Երեկ քովիդից մահացել է 11 մարդ: Վարակված ևս երկու հիվանդ մահացել է այլ հիվանդության պատճառով։
COVID-19-ից այս պահին Հայաստանում փաստացի բուժվում է շուրջ 7 հազար մարդ։