Մատչելիության հղումներ

Հայաստանում կրկին խստացվում է հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը


Աշխատող քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ, հնարավոր է` հոկտեմբերի 1-ից պարտավորված լինեն երկու շաբաթը մեկ քովիդի ՊՇՌ թեստ հանձնել, երեկ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Գործատուներն իրենց աշխատակիցներից պետք է կա՛մ քովիդի թեստի բացասական պատասխան պահանջեն, կա՛մ էլ պատվաստման հավաստագիր: Այս դրույթին, նախարարի խոսքով, պետք է ենթարկվեն նաև պետական համակարգում աշխատողներն ու ուսումնական հաստատությունները։ Փոփոխությունների այս փաթեթը, ըստ նախարարի, առաջիկայում կընդունվի։

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի դինամիկան Հայաստանում շարունակում է աճել, նախորդ օրը քովիդ է հայտնաբերվել 504 քաղաքացիների մոտ։ Սա վերջին շուրջ երեք ամիսների ամենամեծ թիվն է։ Դրական է եկել կատարված 7219 թեստի գրեթե 7 տոկոսի պատասխանը։ Անցած մեկ օրում քովիդից մահացել է 3 անձ, մահացածների ընդհանուր թիվը հասավ 4716-ի։ Մեկ վարակակիր էլ մահացել է այլ պատճառներով։

Վարչապետի հանձնարարականից հետո ոստիկանությունն ու տեսչական մարմինները երեկ հայտարարությամբ հանդես եկան՝ հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը խստացվում է. «Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակ փակ տարածքներում:

Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց` նախորդ ամիսներին քովիդի տարածման մակարդակի նվազմամբ պայմանավորված հսկողությունը թուլացրել էին, այժմ իրավիճակն այլ է. «Հիմա երբ նորից հիվանդացությունն իր չորրորդ փուլն է թևակոխել, մենք ուժեղացնում ենք մեր հսկողությունը ստուգայցերի միջոցով:

Ամենակարևոր սահմանափակումը, որը պարտադիր է, փակ տարածքներում դիմակ կրելն է անկախ հիվանդացության մակարդակից` հիվանդացել են, թե ոչ և պատվաստվածության մակարդակից` պատվաստվել են, թե ոչ: Միևնույն է` փակ տարածքում բոլորը պարտավոր են դիմակ կրել»:

Դիմակ կրելը պարտադիր է նաև հանրային տրանսպորտում, սակայն այս կանոնին արդեն մի քանի ամիս է` շատ քչերն են հետևում: «Մարդիկ ըստ երևույթին, թուլացրել են իրենց զգոնությունը: Մեր ստուգայցերը, կարծում եմ, կնպաստեն մարդկանց հիշեցնելու, որ դիմակներ պիտի կրել ոչ միայն հասարակական տրանսպորտում, այլ նաև բոլոր փակ տարածքներում», - նշեց Աննա Հարությունյանը:

Երևանի փողոցներում այսօր «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիները հիմնականում համակարծիք էին, եթե վերահսկողությունը խստացվում է, ուրեմն դրա կարիքը կա. «Եթե ասել են, ուրեմն պետք ա, ուրեմն հասկանում են: Ես բաց տարածքում չէ, պայուսակից մեջ է, բայց տրասնպորտում կրում եմ»:

«Եթե կարիքը կա, ուրեմն պետք է անպայման կրել: Ես պատվաստված եմ, բայց եթե կարիքը լինի, կկրեմ», - ասում է մեկ այլ քաղաքացի:

Մինչ այս տարվա հունիսի 1-ը Հայաստանում պարտադիր էր նաև բաց տարածքներում դիմակ կրելը: Այս պահանջին, սակայն, նույնպես շատ քչերն էին հետևում։

Ոստիկանության ու տեսչական մարմինների հայտարարությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում օրերս անցկացված քովիդի վերաբերյալ քննարկումը։

XS
SM
MD
LG