«Միշտ մտավախություն ենք ունեցել՝ արդյո՞ք ՀԱՊԿ այլ պետություններ կարող են մեզ աջակցել». Օհանյան 

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ մտավախություն է ունեցել՝ արդյո՞ք ՀԱՊԿ այլ պետություններ կարող են աջակցել Հայաստանին անհրաժեշտության դեպքում, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ազատություն»․ - Ի՞նչ եք կարծում, այսպիսի իրավիճակում Հայաստանը պե՞տք է դիմի ՀԱՊԿ-ին՝ ռազմական աջակցության համար։ Տեղյակ ենք, երբ որ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք, Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, բայց դիմեց խորհրդակցություններ անցկացնելու նպատակով՝ ոչ ռազմական աջակցության։ Դուք ի՞նչ եք մտածում, ընդհանրապես Հայաստանը պե՞տք է դիմի ՀԱՊԿ-ին, որ «այ, մենք ենթարկվել ենք ագրեսիայի և ձեր պարտքն է գալ, մեզ, ռազմական առումով, աջակցել։

Սեյրան Օհանյան․ - Հայաստանն արդեն դիմել է ՀԱՊԿ-ին խորհրդատվության առումով, բայց կարծում եմ, որ այսօրվա վիճակը լայն մարտական գործողությունների իրավիճակ չէ, չնայած վտանգը միշտ էլ կա։ Այս իրավիճակում յուրաքանչյուր երկիր ինքն է պարտավոր իր սահմանները պահպանել։ Պետք է հարց տանք այսօրվա իշխանություններին՝ ինչո՞ւ ենք մենք այսօր այսպիսի իրավիճակում, ինչո՞ւ ժամանակին այն սահմանները, որոնք որ զգացել էինք, որ բաց էին, կոնկրետ հաշվարկներ, որոշումներ, զորքերի տեղակայման խնդիրներ, զորքերի համալրման հարցեր չի իրականացվել։ ՀԱՊԿ-ին դիմելու պայմանը, եթե բացահայտ ագրեսիա է, եթե մարտական գործողություններ են, ընդ որում մարտական գործողություններ ոչ թե Ադրբեջանի, այլ նաև հիմնականում Թուրքիայի կողմից, այսօր, տեսեք, շատ հրամանատարներ կան, որոնք որ մեկ անգամ ևս ասում են, որ զինված ուժերը, եթե նույնիսկ Ադրբեջանն այսօր էլ միայնակ գործի, իրենք ի վիճակի են իրենց առջև դրված խնդիրը լուծելու։ Բայց ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք միշտ մտավախություններ ենք ունեցել, որ այլ պետություններից արդյո՞ք կարող են ստորաբաժանումներ գալ և մեզ աջակցել։

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ ՀԱՊԿ-ը նոր ռազմաքաղաքական կազմակերպություն է, ընդ որում Հայաստանը բավականին նաև ազդել է ռազմական կոմպոնենտի զարգացման, մանավանդ օպերատիվ արձագանքման, ասենք, հավաքական ուժերի հետ կապված, բայց մինչև հիմա զորավարժությունները տարբեր երկրներում, մենք էլ այլ երկրներ ուղարկել ենք, ասենք վաշտի, կամ դասակի կազմով, և նաև ՀԱՊԿ այլ երկրների ուժերի տեղափոխման տարանցիկ փոխադրման խնդիրներ կան այլ երկրների վրայով՝ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա և այլն։ ՀԱՊԿ-ի հիմնական տարածաշրջանային խմբավորումը, որը որ մեր տարածքում էլ գոյություն ունի, միացյալ զորախումբն է՝ 102-րդ բազան և նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք որ Ռուսաստանի Դաշնության Հարավային օկրուգից են, և այդ շեշտադրմամբ էլ մենք մեր հարաբերությունները և նաև գործողությունները պետք է զարգացնենք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․