Մատչելիության հղումներ

Թաթոյանն ահազանգում է՝ Գեղարքունիքում Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել նաև ջրային պաշարներ


Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը, այսօր հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական զինված ծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են:

Պաշտպանն ընդգծել է՝ արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ՝ այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ, այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ: Այս ամենը, Թաթոյանի գնահատմամբ, էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները:

Ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն՝ ընդգծելով՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորված են Սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով:

«Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները: Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով», - եզրափակել է Արման Թաթոյանը:

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է մայիսի 12-ից, երբ պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժելու մասին: Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով զոհվել է հայ զինծառայող, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների:

Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկ ներկայացրեց՝ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զինված ուժերի հետքաշում և Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող դիտորդների տեղակայում:

XS
SM
MD
LG