Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները այսօր ժամը 11:40-ից 12-ի հատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են բացել Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Ազատությանը» տեղեկացրեց, որ կրակոցներ պարբերաբար են լինում. - «Բայց նենց չի որ նշանառու կրակահերթեր ա տեղի ունենում, էլի, ուղղակի մեկ-մեկ անկանոն կրակահերթեր ա տեղի ունենում, եթե պատասխանում ենք, խելոք են մնում, չենք պատասխանում՝ մի քանի օր հետո նորից կրկնվում ա: Բայց էս պահի դրությամբ խախանդ ա՝ վերևի գյուղերում, Խոզնավարից մինչև Կոռնիձոր»:
Սև լճի տարածքում նախորդ օրերին հանգիստ է եղել, կրակոցներ չեն հնչել, բայց հարակից Արավուս համայնքի ղեկավարին անհանգստացնում են հակառակ կողմում տարվող ակտիվ շինարարական աշխատանքները։ «Շատ ուժեղ, ուժեղ, շարունակում են՝ էն «Կամացու»-ով, իրանց էդ ամեն ինչով, էլի, տենց: Ինժեներական աշխատանք ա, էլի, քանի իրանք անում են, մենք էլ անենք, էլի: Ճիշտն ասած՝ ես ավտոյով մեծ անվադողեր եմ հավաքում, որ բերեմ պոստ սարքեմ» , - «Ազատության» հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը:
Երեկ էլ պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ ադրբեջանական ուժերը կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակում են պարբերաբար, տարբեր հաճախականություններով՝ ասում են տեղի բնակիչները։
«Ազատություն»-ը հեռախոսով կապ հաստատեց Երասխի բնակիչներից մեկի հետ, ով ասաց, որ այսօր ևս կրակոցներ են եղել. - «Հենց հիմա ներքևն եմ, շատ չեմ մանրամասնի, կա, կրակոցներ կա, գիշերն էլ ա եղել, հենց հիմա էլ կա»։
Դիրքերից ընդամենը 1 կմ հեռավորության վրա գտնվող Երասխ գյուղում կրակոցների հետ կարծես թե համակերպվել են՝ ասում է Երասխի մեկ այլ բնակիչ՝ Շողիկ Մովսիսյանը, բայց անհանգստությունը օր-օրի մեծանում է։
«12-ից սկսած, երեկ, կրակել են մինչև գիշեր՝ ընդհատումներով, կրակել են-դադարեցրել, կրակել, նորից կրակահերթ ավտոմատի: Գյուղի վրա չի եղել կրակոցները՝ դիրքերի վրա, գյուղի ներքևի դիրքերի վրա, ու ամբողջ ընթացքում, ինչքան որ սկսվել ա էս ընդհարումը, գյուղի վրա չի եղել կրակոց՝ դիրքերի վրա ա եղել՝ թե՛ ներքևի, թե՛ վերևի, բայց երեկ ամբողջ օրը ներքևի դիրքերի վրա ա եղել: Իրենք էդ դիտավորյալ են անում, որ լարված պահեն: Ամեն դեպքում, էդ որ կրակահերթ լինում ա, տհաճ ա, էլի: Անանգստություն կա, նենց չի, որ չկա՝ կարող ա և գյուղի վրա կրակեն, իմ անհանգստությունը հենց էդ ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երասխի բնակչուհին:
Կեսօրին կրակոցների մասին լուրերից հետո պաշտպանական գերատեսչությունը երեկ հաղորդեց, որ ժամը 18-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում կայունացել է, իսկ հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը՝ մարվել։
Հրդեհի բռնկման մասին ահազանգեր է ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները միտումնավոր հրդեհում հարակից տարածքը։ Օմբուդսմենի գրառման մեջ ասվում է, որ ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները: Ըստ օմբուդսմենի՝ հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում։
«Ռուսական զորքերը միայն Ոսկեպարում չեն տեղակայված»
Ադրբեջանը որպես պատերազմում հաղթող կողմ փորձում է հասնել իր նպատակներին վախի մթնոլորտ ստեղծելով, իսկ նպատակները թե՛ կարճաժամկետ են, թե՛ երկարաժամկետ, կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
«Եթե ամփոփենք, երկու հիմնական նպատակ. առաջին՝ ճանաչել, որ, այն, ինչ խորհրդային Ադրբեջան է, այսօր Ադրբեջանի Հանրապետություն է, և երկրորդ՝ տրամադրել հաղորդակցության ուղիներ Ադրբեջանից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն, որոնք անցնում են Սյունիքի մարզի տարածքով»:
Երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունը հաստատեց մամուլում տարածված լուրերը, որ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ։ Ուշագրավ է, որ նույն օրը Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության իրավասության տիրույթում է՝ ընդգծելով նաև, որ սահմանապահների տեղակայման համար առկա են խոչընդոտներ։
«Սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայումն իրականացնելու խնդիրներից մեկը միջազգային-իրավական ձևակերպման բացակայությունն է: Կարծում ենք, որ սահմանային վիճակի կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման (դելիմիտացիա) աշխատանքների անհետաձգելի գործարկումը՝ դրա հետագա սահմանագծմամբ (դեմարկացիա): Ռուսաստանը կողմ է այդ գործընթացի շուտափույթ մեկնարկին», - ասել էր Բիկանտովը:
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը հիշեցրեց, որ ռուսական զորքերը, թեպետ փոքր թվով, բայց միայն Ոսկեպարում չեն տեղակայված. - «Ամեն ինչ գնում է այն տրամաբանության մեջ, որ կատարվում են գործընթացներ, որոնց իրավապայմանագրային հիմքը, մեղմ ասած, հստակ չէ և չեն էլ ներկայացվում: Հետևաբար, մինչև հիմա կարծես թե որևէ մեկի մոտ հարց չի բարձրացել, կամ եթե հարց բարձրացել է, պատասխաններ չեն հնչել՝ ի՞նչ իրավապայմանագրային հիմունքով են ռուսական զինվորները տեղակայված Սյունիքի մարզի Տեղ գյուղում, Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում...» ։
Պարբերաբար հայկական կողմին ադրբեջանական բնակավայրերի վրա կրակելու և դիվերսիա կազմակերպելու մեջ մեղադրող ադրբեջանական կողմը արդեն երեք ամիս է, ինչ Հայաստանի տարածքում է։ Ադրբեջանական զորքերը ներխուժել են մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չեն հեռանում։ Ավելին` իրավիճակը սահմանի տարբեր հատվածներում պարբերաբար լարվում է, հայկական կողմը նաև զոհեր, վիրավորներ ու գերեվարված զինվորներ ունեցավ, գրանցվում են նաև միջադեպեր՝ ծեծկռտուքից մինչև անասնագողություն։