Մատչելիության հղումներ

Թուրքիան կոչ է անում Հայաստանին «զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից» ու իրագործել ստանձնած պարտավորությունները


Հայտարարությունը հնչել է երեկ Անկարայում Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որն անցել է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ:

Ըստ տեղական լրատվամիջոցների, դռնփակ հանդիպումը շարունակվել է ավելի քան երեք ու կես ժամ, ավարտին Ազգային անվտանգության խորհուրդը վեց կետանոց հայտարարություն է տարածել, որոնցից մեկը վերաբերում է պաշտոնական Երևանին:

«Հայաստանը պետք է զերծ մնա ագրեսիվ հռետորաբանությունից ու քայլերից և օգտագործի կայունություն և խաղաղություն հաստատելու հնարավորությունը, որ ստեղծվել է Հարավային Կովկասում տևական դադարից հետո», - հայտարարել է պաշտոնական Անկարան:

Բացի այդ, Թուրքիան նաև կոչ է արել Հայաստանին զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ` հավատարիմ մնալով ստանձնած պարտավորություններին:

Հայտարարությունը չի հստակեցնում, թե որ պարտավորությունների մասին է խոսքը և արդյոք տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը զարգացնելու համատեքստում նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է դիտարկում:

Ավելի վաղ` այս տարեսկզբին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես` հաղորդակցության ուղիների, այդ թվում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհը բացելու մասին, ինչը հնարավորություն կտա Թուրքիային ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ:

Թուրքիայի արտգործնախարարը նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցն էր բարձրացրել՝ հավելելով. - «Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ, Ադրբեջանի հետ միասին, համակարգված ձևով դրական պատասխաններ կտանք»:

Ընդ որում, Անկարայից ակնարկում են, որ դրական արձագանքի շարքում կարող է նաև Հայաստանի հետ սահմանի բացման հարցը դիտարկվել:

Անցած հունվարին այս մասին Վաշինգտոն փոստում գրել էր թուրք հայտնի վերլուծաբան Ասլի Այդինտաշբաշը` մեջբերելով իր զրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բարձրաստիճան խորհրդականներից մեկի հետ:

«Մեզ համար խնդիրը մշտապես եղել է ադրբեջանական հողերի օկուպացիան, հիմա այդ խնդիրը լուծվել է։ Եթե Հայաստանն ուզում է քայլ անել, մենք պատրաստ ենք», - ասել էր թուրք բարձրաստիճան պաշտոնյան:

Նույնը նաև նախագահ Էրդողանն էր հայտարարել անցած դեկտեմբերին, երբ մեկնել էր Բաքու` մասնակցելու ղարաբաղյյան երկրորդ պատերազմից հետո կազմակերպված հաղթական զորահանդեսին. - «Մենք չենք կարծում, թե պետք է փակենք դռները Հայաստանի առջև, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն բերել և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Որտեղ էլ լինի, մենք Հայաստանի ժողովրդի հետ խնդիր չունենք, իմ երկրում հարյուր հազար հայ է ապրում: Մեր խնդիրը Հայաստանի իշխանությունների հետ է»:

Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում դեռ հստակ չէ: Անցած գարնանը Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուսատեսությանը տված հարցազրույցւոմ ասել էր, թե Թուրքիայի հետ հարաբերություններում Երևանը պատրաստ է վերանայել իր մոտեցումները. - «Եթե մենք գնում ենք ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։

Նախկին արտգործնախարար, ամիսներ առաջ հրաժարական ներկայացրած Արա Այվազյանը, մինչդեռ, պնդել էր` Թուրքիան է, որ միջազգային հանրության ճնշման ներքո պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և առաջին հերթին`քայլեր ձեռնարկի սահմանը բացելու ուղղությամբ. - «Ինչպես գիտեք, շրջափակումը` սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում տեղի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»:

Թե ինչ դիրքորոշում կորդեգրի նոր ձևավորվող կաբինետը, հստակ չէ, առավել ևս, որ առանցքային` Արտաքին գործերի նախարարի պաշտոնում մինչ օրս որևէ մեկը չի նշանակվել:

Մինչ այդ վերլուծաբանները փաստում են, որ սահմանի բացման շուրջ հնարավոր բանակցություններում Ադրբեջանի առաջ քաշած պահանջներից բացի, Անկարան կարող է հարց դնել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու և Թուրքիայի ներկայիս սահմանները ճանաչելու մասին:

XS
SM
MD
LG