Ըստ Վազգեն Մանուկյանի` իր արտահայտությունն անհամեմատ ավելի մեղմ էր, քան «մուրճը ձեռքին վազվզող տղայինը»

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ընդդիմադիր գործիչ, նախկին վարչապետ, պատերազմից հետո ստեղծված ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դատավարությունը։ 75-ամյա գործիչը ստորագրություն է տվել չհեռանալու մասին, նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

Դատարանը մերժեց փոփոխել Մանուկյանի խափանման միջոցը։

Դատական նիստից հետո Մանուկյանը «Ազատության» հարցին ի պատասխան կրկին հայտարարեց` մեղադրանքը չի ընդունում, իսկ իր հայտնի հայտարարության վերաբերյալ այսպես արձագանքեց. «Այս ամբողջ դատավարության ամբողջ իմաստը նա է, որ իրենք այդ հարցը պիտի տան, ու ես այդ հարցին չեմ պատասխանելու: Այդպես, որովհետև ես ինքս իմ բառերը չեմ պարզաբանում, մանավանդ դատարանում: Ես չեմ իմանում` դուք տեղյակ եք, թե չէ, վերջերս մի հատ տղա մուրճը ձեռքին վազվզում էր հանրապետությունում և ասում էր` բոլորի գլուխի պիտի ջարդեմ, վրեժ, պողպոտյա մանդատ և այլն: Եվ հետո էլ այդ հարցը Սահմանադրական դատարանում բացվեց, դատախազը հայտնեց, որ քաղաքական գործիչն իրավունք ունի այդպիսի արտահայտություններ անելու: Իմ արտահայտությունն անհամեմատ ավելի մեղմ է»:

Ըստ Քննչական կոմիտեի` Հայաստանի նախկին վարչապետը նման կոչեր է հնչեցրել փետրվարին կայացած ընդդիմադիրների հանրահավաքների ընթացքում: Փետրվարի 20-ի հանրահավաքին, օրինակ, հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:

Ընդդիմադիրների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարել էր՝ Փաշինյանն ինքնակամ չի հեռանա։ Վարչապետին իշխանությունից հեռացնելու համար մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր ուժերը համախմբող շարժման վարչապետի թեկնածուն երկու տարբերակ էր առաջարկել։ Առաջինով, ըստ Մանուկյանի, «պետք է ջարդել» և իրենց կողմը գրավել վարչապետի հենարանները, որոնց թվում, ըստ նրա, ժողովուրդը, ուժային կառույցներն ու իշխանական խմբակցության պատգամավորներն են։ Ասել էր, որ ժողովրդին պետք է բացատրել, թե ինչ իրավիճակում է երկիրը, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչների ու «Իմ քայլի» պատգամավորների նկատմամբ պետք է կոշտ լինել, միևնույն ժամանակ համոզել նրանց՝ թողնելով նահանջի ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որպես երկրորդ տարբերակ Մանուկյանը, այսպես ասած, կայծակնային ապստամբություն էր առաջարկել։

Պատերազմից հետո վարչապետի հրաժարականի պահանջին միացած նախկին վարչապետը արտահերթից հետո էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. «Նախ և առաջ պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը գնա, դրանից հետո կառաջանան բազմաթիվ ճանապարհներ, այդ ճանապարհների մեջ արդեն քաղաքական վեճեր կլինեն»:

Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանային բախումներին, շեշտելով՝ ադրբեջանական կողմի նպատակը Սյունիքը վերցնելն է. «Կրակելու են շատ տարբեր տեղերից, կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ: Ես հիմա չմտնեմ այդ մանրամասնությունների մեջ, զինվորական ենթադրությունների մեջ չմտնեմ, բայց մի բանը շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական չէր, այլ պրեստիժի հարց էր, պատվո հարց էր, և իրենք լուծում են այդ հարցը, իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա, և իրենց համար դա ստրատեգիական նշանակություն ունի: Ինչ որ իրենք անեն, կարող է անկապ թվա առաջին հայացքից, բայց վերջնական նպատակն է Սյունիքի վերցնելը»:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Հայաստանի նախկին վարչապետին սպառնում է առավելագունը երեք տարի ժամկետով ազատազրկում։