Մատչելիության հղումներ

«Այն, ինչ ուզում էինք, կիսատ-պռատ ստացանք», - հայտարարում է Վազգեն Մանուկյանը


Մինչ խորհրդարանում ընթանում էր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը, խորհրդարանի առջև ընդդիմադիրների հանրահավաքն էր:

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները ակնկալում էին, որ նախագահը Սահմանադրական դատարան (ՍԴ) կդիմի նաև Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկության մասով, սակայն նախագահը այդ առաջարկը չի ուղարկել ՍԴ: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասաց. «Այն, ինչ ուզում էինք ստանալ, չստացանք, կիսատ-պռատ ստացանք»:

«Դա նշանակում է, որ մենք այսօր ոչ թե պետք է տոնենք հաղթանակ, այլ պետք է ասենք, որ մեկ քայլ ևս արեցինք, բայց ունենք առջևում պայքարելու ժամանակ: Մի բան կա, որ այդ փաստաթղթերից ավելի կարևոր է, բանակի ղեկավարությունը ասաց, համենայն դեպս իմ տեղեկություններով, որ նա չի ենթարկվի անօրինական կարգադրությունների, և ինչ ուզում է որոշեն տարբեր ատյանները՝ նախագահը, կառավարությունը և մյուսները, ամենակարևորն այն է, որ բանակը կանգնած է ոնց կար, այդպես էլ մնալու է», - հայտարարեց Մանուկյանը:

Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ իրավիճակը պայթյունավտանգ է, եթե Արմեն Սարգսյանը չդիմի ՍԴ:

«Ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է, եթե նախագահը կատարի հետքայլ և չդիմի Սահմանադրական դատարան: Ինչո՞ւ է կարևոր այս հարցը, որովհետև ինչպես օրեր առաջ, այնպես էլ այսօր վերահաստատվում է այն վճռական մոտեցումը, որ հայոց բանակը և ժողովուրդը միասնական են: Ուստի այս միասնականությունը չի կարող և չպետք է զիջի մի անձի, ով փորձում է շարունակաբար իր հակասահմանադրական, հակապետական, հակազգային քայլերով թուլացնել և ի վերջո վերջնական կորստի տանել մեր պետականությունը», - ասաց Մինասյանը:

Հանրահավաքի ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 301-րդ հոդվածով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը:

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանը դեռ օրեր առաջ՝ փետրվարի 20-ին հրավիրված հանրահավաքի ընթացքում ապստամբությամբ իշխանությունը զավթելու տարբերակի մասին էր խոսել:

Այսօր մայրաքաղաքի փողոցներում ուժեղացվել էր ոստիկանների աշխատանքը: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ խորհրդարանի շենքի տարածքում տեղադրված են լուսաձայնային պայթուցիկներ, նաև դիպուկահարներ կան:

Ազգային ժողովի տարածքում դիպուկահարների առկայությանը անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ հայտարարելով, որ ԱԺ պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է:

Ընդդիմադիրները հայտարարեցին, որ շարունակելու են փակ պահել Բաղրամյան պողոտան և արդեն շաբաթ օրը մարդկանց հրավիրեցին հանրահավաքի:

XS
SM
MD
LG