Այս գիշեր կրակոցներ են եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածներում։ Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Ազատությանը» տեղեկացրեց՝ գիշերը ժամը երկուսից ադրբեջանական կողմն անկանոն կրակոցներ է արձակել Խնածախի ու Արավուսի հատվածում:
«Գիշերը ժամը 2-ից մինչև 5-ի հատվածում տարբեր տեղերում անկանոն կրակոցներ են եղել, ոչ նպատակաուղղված, ոչ դիպուկ կրակոցներ: Ուղղակի օդ են կրակել դեպի մեր ուղղության վրա, բայց օդ են կրակել», - ասաց Շադունցը:
Կրակոցներն ինտենսիվ էին, սակայն դրանք բնակավայրերի ուղղությամբ չեն եղել, ճշտեց համայնքապետը: Ներսես Շադունցը Սյունիքի սահմանի կրակոցները կապում է ադրբեջանական կուրբան բայրամ տոնի հետ. «Ես, իհարկե, ռազմական փորձագետ չեմ, որ բացատրեմ, բայց իմ կարծիքով` երևի իրենց մոտ ինչ-որ բայրամ է սկսվել, մինչև ամսի 23-ը էս կարգի բաներ կարող ա դեռ էլի լինեն: Կոնկրետ մեր հատվածում երևի դրա հետ է կապված եղել, որովհետև իրենց պահվածքից էլ էր երևում, որ կերուխումի մեջ են, ինչ են»:
Երեկ էլ Տեղի սահմանին միջադեպ էր արձանագրվել՝ կոմբայնավարը խոտհնձի ժամանակ 10 մետր խախտել էր սահմանը: Ադրբեջանցի զինծառայողներն, ըստ համայնքապետի, անցել էին հայկական տարածք միջադեպն այսպես ասած քննելու: Ժամեր տևած բանակցություններին նաև ռուսական կողմն էր մասնակցել, ի վերջո կոմբայնավարը տուն է վերադարձել, իսկ սահմանի այդ հատվածը տրակտորով փորել-գծել են, որպեսզի հետագայում ակամա սահմանախախտման դեպքեր չլինեն։
Տեղում գիշերային կրակոցներից հետո այսօր հանգիստ է, ասաց Ներսես Շադունցը. «Հանգիստ է, ժողովուրդն իրենց բերքահավաքով են, անում են, գյուղի երիտասարդությունն էլ բանակային կորպուսի հետ համագործակցում է, որևէ հանձնարարություն ստանալու դեպքում բանակային կորպուսի հրամանատարից պատրաստակամ ենք, միշտ կանգնած ենք բանակի կողքին»:
Երեկ երեկոյան 9-ից անհանգիստ է եղել նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանին: Համայնքի ղեկավար Սիմա Չիթչյանն ասում է. «9 անց սկսել են, մինչև 12-ն անց տևել է, ընդմիջումներով: Ես տարբերում չեմ, բայց մեծ զենքերի ձայներ էին գալիս»:
Կութի համայնքապետը շեշտեց՝ կարկոցները գյուղի ուղղությամբ չէին, այլ միջդիրքային հատվածում: Լուսաբացւը Կութում խաղաղ է եղել: Սիմա Չիթչյանն ասաց՝ մարդիկ անցել են խոտհնձելու գործին: Կութեցիները տեխնիկան վախենում են դաշտ հանել, խոտը հնձում են ձեռքով։ Գյուղի տարածք մտած մտած ադրբեջանցիներից 1-2 կիլոմետրի վրա են խոտհունձ անում:
Պաշտպանության նախարարությունը Կութի, Տեղի կրակոցների մասին առայժմ որևէ տեղեկատվություն չի տրամադրում: