Մատչելիության հղումներ

«Ինձ զայրացնում է, թե ինչի՞ պիտի այդ կրակոցը մեզ համար սովորական լինի». սահմանային Երասխում լարվածությունը դեռ չի մարում


Ադրբեջանական դիրքերը սահմանամերձ Երասխի գրեթե բոլոր տներից են տեսանելի, վերջին օրերի կրակոցի ձայներն էլ՝ պարզ լսելի։ Երեկ երեկոյան սկսած փոխհրաձգության մասին գյուղում այսօր բոլորն էին խոսում։

«Գյուղում խուճապ չկա, տագնապ չկա, իրարանցում չկա, առօրյա կյանքով սովորական ապրում ենք», - նշեց գյուղի բնակիչ Լարիսա Մեսրոպյանը:

«Երեկ առավոտը 7-ից եղել են կրակոցներ ցածր ինտենսիվությամբ՝ 15 րոպեն, 20 րոպեն մեկ, օրվա վերջում՝ գիշերը ժամը 11-ի կողմերը արդեն համ տրամաչափը մեծացավ զենքերի, համ էլ ինտենսիվությունը, - ասաց բնակիչներից Արթուր Իշխանյանը:

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի հատվածում անցած շաբաթվանից է լարվել:Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ երեկ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել էր հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, անգամ ականանետ է կիրառվել։

Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը: Նա, ըստ ռազմական գերատեսչության, տեղանքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն էր կազմակերպում։

«Կրակը մարելու նպատակով պոմպ էր տարել, օգնել էր, որ մարեին, տեղում բեկորային վիրավորում ստացավ, այս պահին լավ է վիճակը», - ասաց Արթուր Իշխանյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ էլ փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Հայկական ու ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են իրավիճակի լարման համար։

Այսօր Երասխ էր այցել Հայաստանի մարդու իրավուքների պաշտպանը։ Արման Թաթոյանը տեղում փաստահավաք աշխատանք էր իրականացնում:

«Նրանք այս կրակոցները դարձնում են ըստ էության պարբերական, և մեր փաստահավաք այս աշխատանքների նպատակն է արձանագրել խախտումները, որովհետև այս կրակոցները ակնհայտ կատարվում են բնակչության համար կյանքի, առողջության համար, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով», - նշեց Թաթոյանը:

Գյուղում դժվարությամբ են հիշում, թե վերջին անգամ նման ծավալի միջադեպ, երբ է տեղի ունեցել, ասում են՝ անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց մոտ խաղաղ էր: Երասխը Երևանից 60 կմ հեռավորության վրա է։

«16 թվականի՞ն էր քառօրյան, այդ ժամանակ էլ չի եղել, էն Նոյեմբերյանի, Տավուշի պատերազմներին էլ չի եղել ստեղ», - նշեց Երասխի բնակիչ Մնացական Ալավերդյանը:

Հիմա էլ, թեև սահմանային լարվածությանը, վստահեցնում են՝ գյուղում հանգիստ է, բայց փոքր-ինչ լարված են վերջին օրերին: Երեխաներն էլ են գյուղում:

«Ինչ-որ տեղ սովորական է, գիտեք ի՞նչն է ինձ անհանգստացնում, որ ինչի՞ պիտի այդ կրակոցը մեր համար սովորական լինի, էդ արդեն զայրացնում է: Ախր տենց չպիտի լինի», - նշեց բանկիչներից Շողիկ Մովսիսյանը:

Նախիջևանի հատվածում իրավիճակը հուլիսի 14-ից է լարված, փոխհրաձգության հետևանքով այստեղ հայ զինածառայող էր սպանվել: Այսօր տարածած հաղորդագրությունը Պաշտպանության նախարարությունը այսպես էր ավարտել՝ «Հայաստանի զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու»։

XS
SM
MD
LG