Այսօր առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են՝ հայկական ստորաբաժանումները հակազդող գործողությունների են դիմել, զոհեր, վիրավորներ չկան:
Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանն ասում է՝ գիշերը հանգիստ էր, առավոտյան են գյուղում կրակոցի ձայներ լսել. «Ձայներ լսվել են, բայց անհանգստություն չկա գյուղի շրջանում, ամեն ինչ հանգիստ է, բնակչությունը զբաղված է իրենց առօրյա հոգսերով ու գործերով»:
Երասխում 157 ընտանիք է ապրում, երեխաներին գյուղից չեն հանել, մարդիկ իրենց գործին են, ասում է համայնքապետը:
«Մենք ամեն ինչն էլ տանում ենք, մեր բնակչությունը, փառք Աստծո, ամուր կամք ունի ու պատրաստակամ է ամեն րոպե մեր զինվորի կողքը կանգնելու, եթե դրա անհրաժեշտությունը լինի», - ասաց Օղիկյանը:
Երկու օր առաջ էր նույն ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ բացել, սպանվել էր 38- ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանը։ Պաշտպանության նախարարությունը վերջին օրերին ամենօրյա ռեժիմով է անդրադառնում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին: Հիմնականում հերքում են պաշտոնական Բաքվի հրապարակումները, թե հայկական կողմը կրակ է բացել սահմանի մեկ Գեղարքունիքի, մեկ Տավուշի մարտական հենակետերից։ Հայկական զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտում, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ, ճշտում են Պաշտպանության նախարարությունից։
Այս պահի դրությամբ որևէ նոր տեղեկություն չկա Սյունիքի մարզի Սև լճի տարածքից անհետացած երկու պայմանագրային զինծառայողների վերաբերյալ: Որոնողական աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ռազմական գերատեսչությունը։
Հուլիսի 14-ին զինծառայող Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը Սև լճից ձախ՝ Իշխանասարի տարածքում մարտական հերթապահություն իրականացնողներին սնունդ տանելիս են եղել ու մոլորվել են մառախուղի պատճառով:
«Ամենօրյա մեքենան ա, ուղղակի ամպամած ա եղել շփոթվել են, ճանապարհը բաց ա, ամպամած ժամանակ ցանկացած տեղանք իմացողն էլ կարող ա մոլորվի», - ասաց Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանը:
Դեպի Իշխանասարի, Սև լճի տարածք զինվորներին հաց տանող մեքենան կա՛մ Վերիշենով, կա՛մ Ակներով է անցնում, այս մեքենան Ակներով է անցել, բայց տեղ չի հասել. ասում է համայնքապետ Սպարտակ Մինասյանը:
«Նույն տեղով են տանում, իրանք անցել են, որտեղ պետք ա կանգնեին բաժանեին, անցել են, մոլորվել, մի քանի մետր, որ անցնես արդեն հարթավայր ա, էլ չես կարա կողմնորոշվես», - նշեց համայնքապետը:
Որոնողական աշխատանքներում ներգրավված է նաև ռուսական կողմը: Մեքենայի վարորդը՝ Արամայիս Տոռոզյանը Գորիսից է, իսկ Արթուր Նալբանդյանը՝ Գյումրիից: Նրանք առանց զենքի էին սնունդը դիրքեր հասցնում:
Վերջին օրերին կրակահերթերի ձայներ են լսվում Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշիից: Հունիսի 13-ից սկսած այդ ձայները հասնում են նաև Ստեփանակերտի Արմենավան թաղի բնակիչներին՝ թաղամասը կպած է Շուշիին: Արցախի օմբուդսմենը մի քանի օր է ահազանգում է՝ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, Արցախի խաղաղ բնակիչներին պահում վախի ու լարվածության մեջ:
«Հանդիպումներ եմ ունեցել քաղաքացիների հետ և նրանց հետ քննարկումների ժամանակ հաստատվել է այդ փաստը, որ 4-5 անգամ կարճ կրակահերթեր են եղել, բնակչության փոխանցմամբ՝ մոտ 16 կրակոց», - ասաց մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Արցախի օմբուդսմենը տեղեկություն ունի, որ Շուշիի ադրբեջանցիները օդ են կրակում որպես նախազգուշացում, երբ զորք են տեղափոխում, հերթափոխ է տեղի ունենում: Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ անհրաժեշտ է նման միջադեպերը քննելու մեխանիզմ ստեղծել՝ ադրբեջանական սադրանքները բացառելու համար. «Առավել քան կարևոր է, որպեսզի ամեն անգամ հրադադարի ռեժիմի նման խախտումները համապատասխան քննության արժանանան, և մեղավորները ենթարկվեն պատժի»:
Ի դեպ՝ պաշտոնական Բաքուն Շուշիի կրակոցները վերագրում է ինչպես ձևակերպել են՝ հայկական զինված անօրինական խմբավորումներին: Շուշիի միջադեպերից մեկին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է արձագանքել՝ Արցախում ռուս խաղաղապահ առաքելության գործունեության հաշվետվությունում շեշտել են՝ հուլիսի 13 -ին անկանոն կրակոցներ են եղել հայկական ու ադրբեջանական զինված ուժերի միջև Շուշիի հյուսիս-արևմտյան հատվածում. միջադեպը ռուս խաղաղապահների ջանքերով կարգավորվել է:
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կրակահերթերը Շուշիում, Երասխի սահմանին փոխկապակցված է համարում: Այդ երկիրը չի փոխել իր ծրագրերն ու զգացմունքները ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի նկատմամբ, շեշտում է Բաբայանը:
«Մեկ ընդհանուր քաղաքականության ներքո են տեղավորվում և այդպիսի քայլերով փորձում են Արցախում մեղքը բարդել մեզ վրա, որպեսզի ինչ-որ տեղ շեղի ուշադրությունը Երասխում, բայց ընդհանուր առմամբ սա մեկ շղթա է», - նշեց նա:
Ըստ Արցախի արտգործնախարարի՝ Ադրբեջանը նոր՝ զանգեզուրյան ճակատ է բացել, զանգեզուրյան միջանցք է շրջանառության մեջ դնում, տնտեսական շրջան են ստեղծում: Բաբայանը վստահ է՝ այդ երկիրը նույն՝ անփոփոխ նպատակն ունի. «Ոչնչացնել հայոց պետականությունը, ուրիշ ոչ մի գերնպատակ չունի»: