Ալիևը նոր նախապայման է դնում՝ ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել բանակի հրամանատարական անձնակազմի հետ և հրահանգել կանխել Հայաստանի զինված ուժերի հնարավոր սադրանքները պետական սահմանին:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, գեներալ Զաքիր Հասանովը հիշեցրել է նախագահ Ալիևի խոսքերը, թե պատերազմն ավարտվել է, բայց բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի նոր պատերազմի:

Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Սամվել Ասատրյանն իր հերթին այսօր հայտարարել է` «բանակը պատրաստ է իրադարձության ցանկացած զարգացման և ակնկալում է հանրության լիարժեք վստահությունն ու աջակցությունը»։

Ավելի վաղ` օրեր առաջ, վարչապետ Փաշինյանն ասել էր, թե հայկական կողմում ոչ պաշտոնական տեղեկություններ ունեն, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին: Ռազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարություններն ակտիվացան անցած շաբաթվանից, երբ լարվածության նոր օջախ բացվեց, այս անգամ` Նախիջևանի կողմից` Երասխի հատվածում:

Մինչ այդ սրված էր իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում. Երկու ամիս է` ադրբեջանցի հարյուրավոր զինվորներ տեղակայվել են Սյունիքում, պնդում են` թե տարածքն իրենցն է, ու չեն հեռանում: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունից հետո հայկական կողմից առնվազն երկու զինծառայող է զոհվել, մի քանիսը` գերեվարվել:

Մինչև վերջերս Ռուսաստանն էր կողմերի միջև ակտիվ բանակցություններ վարում` առաջարկելով իր օգնությունը սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում: Այժմ նաև Եվրամիությունն է փորձում միանալ այս ջանքերին. հենց այդ օրակարգով էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անցած շաբաթավերջին այցելել Երևան, ապա` Բաքու: Ընդ որում, նախագահ Ալիևի հետ համատեղ ասուլիսում Շառլ Միշելն ընդգծել է` Եվրամիությունը պատրաստ է թե՛ փորձով կիսվել, թե՛ մոնիտորինգ իրականացնել սահմանին, եթե իրենք` կողմերը, նման ցանկություն հայտեն:

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել, որպեսզի հնարավոր լինի առաջընթացի հասնել տարբեր հարցերի շուրջ, օրինակ, սահմանի դելիմիտացիայի: Մենք պատրաստ ենք մոբլիզիացնել եվրոպական փորձը, նաև` եվրոպական մոնիտորինգ տրամադրել, եթե նման ցանկություն կլինի: Սահմանի դելիմիտացիայի հետ կապված`անհրաժեշտ է քննության առնել նաև զինված ուժերի հարցը, որոնք տեղակայված են վիճահարույց գոտիների մերձակայքում», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Հայաստանի վարչապետը Եվրամիության բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպմանը պնդել էր` 44-օրյա պատերազմով արձանագրված ստատուս քվոն հայկական կողմի համար ընդունելի չէ, և անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները` Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Միշելը խոստացել էր այս հարցը բարձրացնել Ադրբեջանի նախագահին հետ հանդիպման ժամանակ: Քննարկվել է այն, թե ոչ` հստակ չէ, հրապարակային իր ելույթում եվրոպացի պաշտոնյան այս մասին այդպես էլ ոչինչ չասաց: Իլհամ Ալիևը, մինչդեռ, կրկին պնդեց`ղարաբաղյան հակամարտությունն այլևս ավարտվել է. Ժամանակն է մտածել խաղաղության մասին:

«Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պահանջում էին հայկական ուժերի ամբողջական և անվերապահ դուրսբերում մեր տարածքներից: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այժմ ժամանակն է շրջել այդ էջն ու մտածել խաղաղության մասին: Մենք պատրաստ ենք դրան», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը երեկ անդրադարձել է նաև մեկ այլ հարցի, որ բարձրացրել էր Հայաստանի վարչապետը` եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը հայտարարել էր, թե Բաքուն ետ է կանգնում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից ու հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել դեպի Վրաստան ու Ռուսաստան` երկաթուղու գործարկման համար: Իլհամ Ալիևը, փաստացի, չի հերքել` առաջ քաշելով Բաքվից նոր նախապայմանը` տարածաշրջանում բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բացվեն միաժամանակ: Ավելին, Ալիևը հավաստիացրել է, թե Ադրբեջանի այս մոտեցումը պաշտպանում են նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան:

«Մենք սպասում ենք Հայաստանի արձագանքին», - ասել է նա, հավելելով, թե ակնկալում են, որ Եվրամիությունը դրական դեր կխաղա այս գործընթացում:

«Դա հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևան, Հայաստանին էլ` երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ: Տարածաշրջանի չորս պետությունները` Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այս մոտեցմանը: Ըստ այդմ, մենք այժմ պետք է դրական պատասխան ստանանք Հայաստանից, և այդ արձագանքը պետք է ամբողջական և հստակ լինի: Բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, և այս հարցում խտրականություն չպետք է լինի: Դրանից հետո, իհարկե, կանխատեսելիությունը, կայունությունն ու անվտանգությունը այս տարածաշրջանում կդառնան իրականություն»:

Ի դեպ, Կրեմլի խոսնակն այսօր հաստատել է, որ վաղը Իլհամ Ալիևը մեկնելու է Մոսկվա:

«Այցը աշխատանքային է` մոտեցումները քննարկելու և ճշգրտելու համար», - ասել է Դմիտրի Պեսկովը` չհստակեցնելով, թե հատկապես որ հարցերի շուրջ են լինելու քննարկումները:

Ավելի վաղ` այս ամսվա սկզբին, «դիրքորոշումների ճշգրտման համար» Մոսկվա էր մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: