Եվրամիության կողմից հարավկովկասյան երկրներին լայնածավալ ֆինանսական աջակցություն ցուցաբերելը և պատրաստակամությունը՝ ներգրավվել տարածաշրջանի կարևորագույն անվտանգային խնդիրների հանգուցալուծման գործում՝ նշանակում է, որ Բրյուսելում նպատակ ունեն նոր, ավելի ազդեցիկ դեր խաղալ Հարավային Կովկասում՝ այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
«Եվրամիությունը միշտ էլ համագործակցում էր Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ, ավելի ակտիվ, պարզ է, Վրաստանի և Հայաստանի հետ, բայց միշտ էլ տարածաշրջանի երկրների հետ համագործակցում էր, էդ նորություն չի: Օրինակ՝ մենակ քովիդի կոնտեքստով մենք ստացանք 100 միլիոն եվրոյի աջակցություն մի տարվա ընթացքում», - ասաց Գրիգորյանը:
Ըստ Ստեփան Գրիգորյանի, տարածաշրջանում Եվրամիության ակտիվացման կարևոր պատճառ են Հայաստանում և Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումները. «Իրանք տեսան, որ Հայաստանն, այնուամենայնիվ, ժողովրդավարության ճանապարհով գնում է նույնիսկ այս ծանրագույն պարտությունից հետո, նույնիսկ քովիդից հետո: Դա, պարզ է, իրենց ոգևորեց ու իրենք համարեցին, որ պետք է ավելի մեծ ծավալով աշխատանք տանեն և աջակցեն»:
Հարավկովկասյան երկրներին հատկացվող լայնածավալ ֆինանսական աջակցության ֆոնին Եվրամիությունը ամենաբարձր մակարդակով հայտարարեց այս տարածաշրջանում նոր՝ քաղաքական դերակատարություն ստանձնելու ծրագրի մասին։
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի՝ այս ամսվա 6-9-ը Թբիլիսի, Բաքու ու Երևան կատարած այցի արդյունքում հայտարարվեց, որ Բրյուսելը հարավկովկասյան երեք երկրներին կհատկացնի 6 միլիարդ 640 միլիոն եվրո, կամ ավելի քան 7,8 միլիարդ դոլար, որից 3,9 միլիարդ եվրոն Վրաստանին, 2,6 միլիարդը՝ Հայաստանին և 140 միլիոն եվրոն Ադրբեջանին։ Համեմատության համար նշենք, որ Եվրամիության Արևելյան գործընկերության մաս հանդիսացող հետխորհրդային վեց երկրներին հատկացվող այս աջակցության շրջանակում Ուկրաինան կստանա 1,9 միլիարդ եվրո։
Ընդ որում, ի սկզբանե նախատեսված էր Հայաստանին հատկացնել 1,6 միլիարդ եվրո, սակայն Վարհեիի երևանյան բանակցությունների արդյունքում հայտարարվեց, որ այդ գումարը կմեծացվի 1 միլիարդ եվրոյով և կկազմի 2,6 միլիարդ, կամ ավելի քան 3 միլիարդ դոլար։
Օլիվեր Վարհեիի այցին հաջորդեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հարավկովկասյան այցը, որ Եվրամիության ներկայացուցիչը սկսեց հուլիսի 16-ին հայաստանյան երկօրյա այցով։ Երևանում՝ Հայաստանի կառավարության ղեկավարի հետ նախատեսվածից երկար բանակցություններ վարելուց հետո, Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Միշելը մեծ տեղ տվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նշելով, թե Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը կփորձի հասկանալ, թե ինչ դրական դեր կարող է խաղալ Եվրամիությունը՝ սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։
Միաժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահը ուշագրավ հայտարարություն արեց՝ պետք է հնարավոր լինի արծարծել կարգավիճակի հարցը՝ Երևանում, փաստորեն, հրապարակելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման Բրյուսելի առաջարկը՝ բաղկացած չորս կետից։ Առաջին՝ հետայսու չափավոր հռետորաբանություն կիրառել՝ լուծման հասնելով գերիների վերադարձի և ականապատման քարտեզների հարցում։ Երկրորդ՝ ձեռնամուխ լինել սահմանազատմանը՝ վիճարկվող տարածքներից հետ քաշելով երկու կողմերի զորամիավորումները։
«Երրորդ կետը, որ կուզեի նշել՝ մեր կարծիքով կարևոր է կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունների մասին, տրանսպորտի ոլորտը, գուցե կան նաև այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու համար տնտեսական աճը և երկխոսությունը: Չորրորդ կետը ավելի ընդհանուր՝ կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի նաև արծարծել», - նշել է Միշելը:
Երեկ Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ Եվրամիությունն, անշուշտ, աջակցում է ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությանը, սակայն Բրյուսելը պատրաստ է դրական դերակատարություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար՝ կիսվելով իր փորձով։
Ստեփան Գրիգորյանի խոսքով, Եվրամիությունը մեծ փորձ ունի ճգնաժամերի հանգուցալուծման գործում։
«Օրինակ՝ գերմանա-ֆրանսիական այդ ճգնաժամը, պատերազմները, Երկրորդ համաշխարհային պատերազմ, փորձը ցույց տվեց, որ հենց Եվրամիությունը ծնվեց այդ եվրոպական ավանդույթից, դրական ավանդույթից, որ Եվրոպան գտնում է մեխանիզմներ՝ ոնց կարելի է նույնիսկ պատմությունից եկած հակամարտությունները լուծել: Եթե նայեք այդ 4 կոտը, որ առաջարկում է Շառլ Միշելը, այդ 4 կետերում այդ փորձը պարզ երևում է», - ընդգծեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավարը: