Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Հայաստանին հատկացվելիք ներդրումային փաթեթը կավելացնի՝ դարձնելով 2,6 մլրդ եվրո


Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանը Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ամենալայնածավալ աջակցությունը ստացած երկիրն է՝ այս մասին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Եվրամիությունը առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 1,6 միլիարդ եվրոն այլ աղբյուրներով կավելացնի 1 միլիարդով՝ ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո։ Ներդրումային փաթեթի ծավալով Հայաստանը առաջ է անցնում Ուկրաինայից՝ 1,94 մլրդ և Մոլդովայից՝ 1,63 մլրդ եվրո փաթեթով։ Ամենաքիչ աջակցությունը կտրվի Ադրբեջանին՝ 140 մլն եվրո։ Ֆինանսական օժանդակության նպատակը համատեղ մշակված ներդրումային և տնտեսական նախագծերի իրականացումն է:

Տարածաշրջանային այցը Եվահանձնակատարը սկսել էր Վրաստանից, ավարտում է Հայաստանում։ Մինչ այդ եղել է նաև Ադրբեջանում։ Հայաստանում հանձնակատարը պաշտոնական հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ նախագահի, վարչապետի ու փոխվարչապետի պաշտոնակատարների հետ։ Անդրադարձել են 2020-ի ընթացքում ի հայտ եկած ծանր մարտահրավերներին՝ կարևորելով Ադրբեջանում գտնվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց առանց նախապայմանների ու անհապաղ վերադարձը՝ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում փոխվարչապետի պաշտոնակատարը։

«Հանձնակատարի հետ քննարկել ենք Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի ծանրագույն հետևանքների և հետպատերազմյան իրավիճակի մեղմմանն ուղղված մեր հետագա գործողությունները: Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով», - ասաց Գրիգորյանը:

Մոտ ապագայում Եվրամիությունը նաև 9-10 մլն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց՝ ասաց հանձնակատարը։ Բացի այդ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում։ Օլիվեր Վարհեին այս մասին խոսել էր Բաքվում, վերահաստատեց նաև Երևանում։

«Ուզում եմ վերահաստատել, որ Եվրամիությունը պատրաստ է շատ ակտիվ դերակատարում ստանձնել հակամարտություն մարտական գործողություններին հաջորդած իրավիճակում, աջակցելով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը, հատկապես առաջին հերթին հաղթահարելու համար մարդասիրական ճգնաժամը», - ասաց Օլիվեր Վարհեին:

Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանին տրամադրվող գումարի զգալի մասը Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է ուղղել պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանակից դարձած Սյունիքին՝ դիմադրողականության ամրապնդման համար։ Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին՝ իր խոսքում ընդգծեց Մհեր Գրիգորյանը։

«Նշենք, որ աջակցությունն ուղղվելու է կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանված հինգ առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարման և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք, զարգացմանը», - նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Նախորդ տարի Եվրամիությունը 100 մլն եվրո հատկացրեց Հայաստանին՝ համավարակից հետո վերականգնվելու համար, հիշեցրեց Օլիվեր Վարհեին, հիմա էլ արվում է հնարավոր ամեն բան Հայաստանին քովիդի դեմ պատվաստանյութերի անհրաժեշտ քանակով ապահովելու համար։ Ոչ մեկը ապահով չէ, քանի դեռ բոլորը ապահով չեն և համավարակը չի ավարտվի, քանի դեռ բոլորը պատվաստված չեն՝ հանձնակատարը խոսելով պատվաստումների կարևորության մասին կոչ արեց բոլորին պատվաստվել։

«Հայաստանը չունի վատնելու ժամանակ, չունի այլևս տնտեսական հնարավորություններ վատնելու ժամանակ, մեզ պետք է և անհրաժեշտ է, որպեսզի բոլորը գնան և պատվաստվեն», - ընդգծեց Վարհեին:

Եվրահանձնակատարը ողջունեց նաև Հայաստանում ազատ և արդար ընտրությունների արդյունքը՝ հույս հայտնելով, որ շատ շուտով Հայաստանում կլինի ուժեղ կառավարություն և խորհրդարան, անելիքները շատ են՝ ընդգծեց նա։ Մինչ այդ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ էլ անդրադարձ է եղել ընտրական գործընթացներին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանում ընտրությունների ինստիտուտը կայացել է նաև Եվրամիության աջակցությամբ։

XS
SM
MD
LG