Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին` վերահաստատելով այն խաղաղ հանգուցալուծելու ուղղությամբ ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում իր հնչեցրած առաջարկությունը` դիտորդներ տեղակայելու մասին:
Կառավարության հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին շրջանում ավելի ինտենսիվ կերպով հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության փաստը, որը հիմք է տալիս մտածելու, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարելու եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների ամբողջական վերադարձի ապահովումը, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի իրականացումը:
Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստատելու գործին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` նրանք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, դրանով նախանշված սկզբունքները, որոնց շրջանակում էլ պետք է տեղի ունենա հակամարտության ամբողջական ու լիարժեք կարգավորումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Փաշինյանն ու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կարևորել են բանակցությունների հնարավորինս արագ վերականգնումն ու հակամարտության կողմերի միջև երկխոսության հաստատումը:
Շառլ Միշելն անհրաժեշտ է համարել ռազմագերիների վերադարձի ապահովումը, հրաժարումը ագրեսիվ հռետորաբանությունից, տարածաշրջանի ապաշրջափակումը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ևս իր հերթին պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման շուրջ երկխոսությանը:
ԵԽ նախագահը Հայաստանում է երկօրյա այցով: Փաշինյանի հետ բանակցություններից հետո նրանք հանդես են եկել ասուլիսով: