Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը

Արխիվային լուսանկար

Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց անփոփոխ թողնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունիսի 27-ի որոշումը` ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ: Որոշումը քիչ առաջ հրապարակվեց դռնբաց նիստում:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց` սա անակնկալ որոշում չէր իրենց համար, քանի որ ակնհայտ էր, թե ինչպես էր պրոցեսը վարվում: Հարցին` սա քաղաքական որոշում էր, արձագանքեց. «Որոշումը քաղաքական չէ, իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված»:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի համար ևս որոշումը կանխատեսելի էր: Ըստ նրա` Սահմանադրական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումները պարզ են ու հստակ:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել էին խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։

Հուլիսի 9-ից Բարձր դատարանը քննում էր ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմումները։

Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 53,91 տոկոսով:

Երկրորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական տվյալների, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21,09 տոկոսով, երրորդը՝ Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,22 տոկոս. դաշինքը թեև չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 տոկոս, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան:

8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»` 71, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ»-ը` 7։