Մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ և լրագրողներ ներխուժել են Վրաստանի խորհրդարանի շենք

Լրագրողները հարգանքի տուրք են մատուցում օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի հիշատակին, Թբիլիսի, 12 հուլիսի, 2021թ.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ և լրագրողներ ներխուժել են խորհրդարան, որտեղ կրկնել են վարչապետի և ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջը:

Նիստերի դահլիճում բախում է տեղի ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության և ընդդիմադիր պատգամավորների միջև:

Իրավիճակը խիստ սրվել է այն բանից հետո, երբ ԼԳԲՏ համայնքի ակտիվությունը լուսաբանող հեռուստաօպերատոր Ալեքսանդր Լաշկարավան հունիսի 5-ին ծեծի է ենթարկվել և երեկ մահացել է:

Երեկ ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել և պահանջել է վարչապետի ու ներքին գործերի նախարարի հրաժարականը: Պահանջի իրականացման համար ներկայացվել է վերջնաժամկետ մինչև հուլիսի 12-ի կեսօրը: Ընդդիմությունն այսօր ներխուժել է խորհրդարան, քանի որ պահանջը չի կատարվել:

Ընդդիմադիրները և քաղաքացիական ակտիվիստները խորհրդարան են բերել Վրաստանի և Եվրոպական միոթյան դրոշները:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր առավրտյան դատապարտել է հարձակումը լրագրողների վրա և Լաշկարավայի մահը «ողբերգություն» է անվանել: Միաժամանակ վարչապետը քննադատել է ընդդիմության լիդերներին, հայտարարելով, որ նրանք դավադրություն են ծրագրել:

«Սա պետության դեմ հերթական դավադրության ձախողումն է, այդ մարդիկ շահարկում են լրագրողի մահը հանուն իրենց քաղաքական նպատակների», - ասել է վարչապետը, հայտնելով, որ Լաշկարավայի վրա հարձակման գործով 4 կասկածյալներ արդեն ձերբակալվել են, ընդգծել, որ ցանկացած տեսակի բռնություն անընդունելի է:

Վրաստանում լարվածությունն աճել է այն բանից հետո, երբ ԼԳԲՏ համայնքը հայտնել է «Հպարտության շքերթ» անցկացնելու մտադրության մասին: Պահպանողական շրջանակները պահանջել են հրաժարվել այդ գաղափարից, իսկ ԼԳԲՏ կենտրոնը հարձակումների է ենթարկվել:

Վրաց ուղղափառ եկեղեցին և պահպանողական կուսակցությունները դատապարտել են «հպարտության շքերթի» նախաձեռնությունը, եկեղեցին իր հետևորդներին կոչ է արել ցույցեր անցկացնել դրա գաղափարի դեմ, իսկ վարչապետ Ղարիբաշվիլին ասել է, որ ԼԳԲՏ համայնքի ծրագրած ակցիան պառակտում է առաջացնում երկրում:

Վրաստանում հավատարմագրված 18 դիվանագիտական առաքելություններ և Եվրոպական միությունը դատապարտել են բռնությունը և Վրաստանի կառավարությանը կոչ են արել ապահովել խաղաղ հավաքներ կազմակերպելու մարդկանց սահմանադրական իրավունքը: