Մոսկվան պատրաստ է օգտագործել Տաջիկստանում տեղակայված ռազմաբազայի կարողությունները՝ Կենտրոնական Ասիայի իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարեց անցած գիշեր՝ հարավասիական Լաոս պետություն այցի ընթացքում։ Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքերից ակնհայտ էր՝ Աֆղանստանում ծավալվող իրադարձությունները Մոսկվային լրջորեն մտահոգում են։
«Մենք կանենք ամեն ինչ, այդ թվում կօգտագործենք Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող մեր ռազմակայանի հնարավորությունները, որպեսզի որևէ ոտնձգություն թույլ չտանք մեր դաշնակիցների հանդեպ», - հայտարարում էր Լավրովը՝ անկեղծորեն խոստովանելով, որ իրավիճակը Աֆղանստանում ժամ առ ժամ վատթարանում է, ինչը լուրջ մարտահրավեր է նախևառաջ Կենտրոնական Ասիայում գտնվող նախկին խորհրդային հանրապետությունների համար։
«Մենք ուշի-ուշով հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այնտեղ իրավիճակի սրընթաց վատթարացման միտումներ են նկատելի, հատկապես ամերիկյան և ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունների զորքերի հապշտապ դուրսբերման ֆոնին։ Այդ ուժերը, տասնամյակներ շարունակ գտնվելով Աֆղանստանի տարածքում, այդպես էլ չկարողացան իրադրության կայունացմանն ուղղված տեսանելի արդյունքների հասնել», - ասում էր Լավրովը։
Հարկ է նկատել, որ իրավիճակի «սրընթաց վատթարացման» և «ամերիկյան զորքերի հապշտապ դուրսբերման» մասին Լավրովի հայտարարությունները հեռու են չափազանցություն լինելուց։ Իրադրությունը Աֆղանստանում իրոք վատթարանում է ժամ առ ժամ, «Թալիբան» շարժման զինյալները գրեթե ամեն օր հայտարարում են մարտի դաշտում արձանագրած նորանոր հաջողությունների մասին։ Դրա ֆոնին, ըստ արևմտյան աղբյուրների, ամերիկյան ուժերի ավելի քան 90 տոկոսը արդեն իսկ դուրս է բերվել Աֆղանստանի տարածքից։
Համատարած խուճապին նպաստում է հատկապես այն, թե ինչպես են ամերիկյան ստորաբաժանումները լքում երկրի տարածքը։ Աֆղանստանում գտնվող խոշորագույն ռազմակայանն օրինակ՝ Բագրամի օդանավակայանը, ամերիկյան զորքերն անցած շաբաթավերջին լքեցին ծածուկ՝ այդ մասին տեղյակ չպահելով անգամ իրենց տեղացի դաշնակիցներին՝ Աֆղանստանի կառավարական զորքերի հրամանատարությանը։ Associated Press-ի տեղեկություններով՝ Բագրամում տեղակայված կառավարական զորքերի հրամանատարն այդտեղ ծառայող ամերիկացիների վերջին խմբի տարհանման մասին տեղեկացել է դրա ավարտից երկու ժամ անց, երբ հարևան գյուղերի բնակիչները սկսել են թալանել ավիաբազայի տարածքը։
Իրադրությունը պակաս դրամատիկ չէ նաև Աֆղանստանի հյուսիսում։ Վերջին մի քանի շաբաթներին «Թալիբան» շարժման զինյալներին այս ուղղությամբ հաջողվել է լուրջ առաջխաղացում արձանագրել՝ վերահսկողություն սահմանելով Տաջիկստանի հետ սահմանի ավելի քան 70 տոկոսի նկատմամբ։ Սահմանի որոշ հատվածներում կառավարական զորքերը, չկարողանալով համարժեք դիմադրություն ցուցաբերել, ստիպված էին եղել անցնել սահմանը և հանձնվել տաջիկական իշխանություններին։
Ամենաթեժ մարտերն այժմ ընթանում են Տաջիկստանին սահմանակից Բադախշան նահանգում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ թալիբներն ընդհուպ մոտեցել են երկրամասի վարչական կենտրոն Ֆայզաբադ քաղաքին։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ լիակատար շրջափակման մեջ գտնվող 30-հազարանոց այս քաղաքը սկսել են օդանավերով լքել քիչ թե շատ բարեկեցիկ բնակիչներն ու տեղական իշխանությունների ներկայացուցիչները։
Պաշտոնական Քաբուլը, այդուհանդերձ, պնդում է, որ իրավիճակը Ֆայզաբադի մերձակայքում այնքան էլ հուսահատական չէ։ Վերջին ժամերին տարածված տեսանյութերում երևում է, որ կառավարական զորքերի զինծառայողներն ակտիվ մարտական գործողություններ են վարում քաղաքի մերձակայքում դիրքավորված թալիբների դեմ։
«Վերջին երկու օրերին Աֆղանստանի կառավարական բանակի և անվտանգության ուժերի կողմից Ֆայզաբադի մերձակայքում ձեռնարկված ցամաքային և օդային հարձակումների հետևանքով «Թալիբան»-ը ծանր կորուստներ է կրել՝ կորցնելով [նախկինում գրավված] մի շարք շրջանների վերահսկողությունը», - հայտարարում է Բադախշանի նահանգային վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Նեկ Մոհամեդ Նազարին։
Այս դրամատիկ զարգացումների ֆոնին Աֆղանստանում իրավիճակին քաջածանոթ արևմտյան լրագրողներն արձանագրում են. - «Վերջին օրերի իրադարձությունները գրեթե նույնությամբ հիշեցնում են 30-ամյա վաղեմության դեպքերը»։
«Բոլոր այն հարցերը, որ հնչում էին 1989-ին, երբ խորհրդային զորքերը լքում էին Աֆղանստանը, հնչում են նաև այսօր՝ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմանը զուգահեռ։ Ե՞րբ է հարկավոր սպասել Քաբուլի անկմանը, արդյոք բանակցություններ կլինե՞ն, և դեռ որքա՞ն է իշխանության ղեկին մնալու Աֆղանստանի գործող նախագահը՝ այն նույն հարցը, որ [80-ականների վերջին] տրվում էր այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Նաջիբուլայի մասին», - Twitter-ում գրել է BBC-ի առաջատար միջազգային լրագրողներից մեկը՝ Լիզ Դյուսեթը։