Մատչելիության հղումներ

Աֆղանական զորքերը թալիբների հարձակումներից փախչում են Տաջիկստան


Տաջիկա-աֆղանական սահման, արխիվ
Տաջիկա-աֆղանական սահման, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը կարգադրել է լրացուցիչ 20 հազար զինծառայող տեղակայել տաջիկա-աֆղանական սահմանին ուժեղացնելու սահմանի պաշտպանությունը։

Նախօրեին Աֆղանստանի կառավարական զորքերի ավելի քան հազար զինծառայող նահանջելով թալիբ զինյալների գրոհներից անցել են Տաջիկստան ու ապաստան խնդրել Կենտրոնական Ասիայի այդ երկրում։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում սա աֆղանական զորքի ամենամեծ խմբաքանակի փախուստն է Տաջիկստան, սակայն մինչ այժմ էլ ավելի փոքր խմբերով աֆղանական բանակի հարյուրավոր զինծառայողներ են անցել Տաջիկստան։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց մինչև սեպտեմբերի 11-ը իր զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մասին, «Թալիբան» շարժումը սկսեց նոր տարածքներ գրավել։ Տաջիկստանի հետ հազար 357 կիլոմետր սահմանի երկու երրորդը արդեն գտնվում է թալիբների վերահսկողության տակ։ Տաջիկստանի իշխանությունները, որ հիմա սննունդ ու կացարան են հատկացնում իրենց մոտ փախած աֆղանցի զինվորներին, փախստականների ավելի մեծ հոսքի են նախապատրաստվում։

Ստեղծված իրավիճակն ու «Թալիբան» շարժման հնարավոր ներթափանցումը Կենտրոնական Ասիա անհանգստացնում է ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև Ռուսաստանին։

Տաջիկստանի նախագահը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Ուզբեկստանի ու Ղազախստանի նախագահների, հուլիսի 4-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ՝ քննարկելով սահմանի երկայնքով ստեղծված տագնապալից իրավիճակը։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Տաջիկստանին։ Ռուսաստանը և Տաջիկստանը ՀԱՊԿ-ի անդամ են, Ռուսաստանը նաև ռազմակայան ունի Տաջիկստանի տարածքում։

«Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության հաղորդման համաձայն՝ երկրի հյուսիս-արևելյան Բադախշան նահանգի 28 շրջաններից ընդամենը երկուսն է մնացել կառավարության վերահսկողության տակ։ Թալիբ զինյալները հիմա գտնվում են նահանգի կենտրոն Ֆայզաբադ քաղաքի դարպասների մոտ, նրանք շրջապատել են քաղաքը, սպառնալիքի տակ է օդանավակայանը։

Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլա Մոհիբը Մոսկվայում քննարկել է ստեղծված իրավիճակը, նա ասել է, թե կառավարական ուժերը չէին սպասում թալիբների հարձակմանը, բայց հիմա հաստատ հակահարված կտան։

Բայց շատ շրջաններից կառավարական զորքերը նահանջել են առանց մարտի, նրանք հոգեպես ընկճված են, հաճախ առանց անհրաժեշտ զինամթերքի, թվաքանակով ևս զիջում են հարձակվող թալիբներին, գրանցվել են նաև դեպքեր, երբ տեղի աշխարհազորը միացել է թալիբներին;

Այդ մասին պատմել է Խոխանում Աֆղանստանի սահմանային զորքերի կապի ծառայության ղեկավար Մուհամադ Զահիր Սաֆարալին, որ հուլիսի 5-ին փախել է Տաջիկստան։

«Երբ թալիբները եկան, Աֆղանստանի կառավարության կողմից զինված տեղի աշխարհազորը և գյուղերի բնակիչները միացան նրանց։ Մեզ փախչելուց բացի այլ բան չէր մնում»,- ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությանը։

134 զինվորների հետ Աֆղանստանից Տաջիկստան փախած Մուհամադ Վալին ասել է․ այնտեղ մնալը մեզ համար ինքնասպանություն կլիներ։

Թալիբների համար Աֆղանստանի հյուսիսային շրջանների գրավումը մեծ նշանակություն ունի. նախ՝ Կենտրոնական Ասիայի դարպասներ են։ Աֆղանստանը հյուսիսից սահմանակից է Տաջիկստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին։ 1990-ին, երբ Աֆղանստանում իշխում էին թալիբները, նրանք չէին կարողացել գրավել այդ շրջանները և հենց այդտեղ էր ձևավորվել Հյուսիսային դաշինքը, որը ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը 1991-ին տապալեց թալիբների իշխանությունը։ Թալիբների այսօրվա հարձակումները հյուսիսային շրջանների վրա փորձագետները գնահատում են կանխարգելիչ հարված, որպեսզի այնտեղ կրկին հյուսիսային ընդդիմություն չկազմակերպվի։

Այսօր Քաբուլում կայացած ասուլիսում Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլա Մոհիբն հավաստիացրել, որ թալիբների վերահսկողությանն անցած տարածքները լքած զորքերի 2 հազար 300 զինծառայողներ հետ են վերադարձել և միացել Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին։

«Նրանց մի մասը կենտրոն է շարժվել ու հիմա նահանգների մայրաքաղաքները պաշտպանող ուժերի մաս են կազմում։ Նրանք ովքեր Տաջիկստան են գնացել, հետ են գալիս նորից ծառայելու ժողովրդին, պաշտպանելու ժողովրդին, պաշտպանելու Ֆայզաբադը․ մարդիկ կանգնած են, սա պատերազմ է, ճնշումներ կան, երբեմն ինչ-որ բաներ աշխատում են մեր օգտին, երբեմն՝ ոչ, - ասել է Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ֆավադ Ամանը այսօր ասել է, որ հարյուրավոր հատուկ ջոկատայիններ և կառավարամետ աշխարհազոր է տեղափոխել հյուսիսային շրջաններ, թալիբների հարձակումները կասեցնելու համար։ Նրա խոսքերով՝ «բանակը պատրաստվում է հակահարձակման՝ հետ վերցնելու թշնամուն անցած տարածքները»։

XS
SM
MD
LG