«Միացյալ Նահանգների և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ մյուս պետությունների ստորաբաժանումները վերջնականապես լքել են Աֆղանստանի տարածքում գտնվող խոշորագույն ռազմակայանը՝ Բագրամի ավիաբազան»։ Այս մասին այսօր տեղեկացրել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը։
Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների խոսքով` Բագրամի ռազմաբազայի պաշտոնական փոխանցումը Քաբուլի կառավարությանը տեղի կունենա վաղը։ Բագրամից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը ողջունել է նաև «Թալիբան» շարժումը։
«Զորքերի դուրսբերումը ռազմակայանից մենք դրական քայլ ենք համարում։ Աֆղանստանն էլ ավելի կմոտենա կայունությանն ու խաղաղությանը, երբ բոլոր օտարերկրյա ուժերը դուրս բերվեն երկրի տարածքից», - Reuters-ի հետ զրույցում նշել է «Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչ Զաբիբուլա Մուջահիդը։
Ամերիկյան և դաշնակից զորքերը Բագրամում էին գտնվում 2001 թվականի աշնանից։