Պեսկովի խոսքով՝ Փաշինյան-Պուտին այսօրվա հանդիպմանը փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս պահին հայտնի է միայն, որ փաստաթուղթ այդ հանդիպմանը չի ստորագրվելու։

«Ռուսաստանի Դաշնության նախագահը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն այսօր իրոք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթեր չի նախատեսվում ստորագրել», - հայ-ռուսական բանակցություններից առաջ այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Փաշինյան-Պուտին բանակցություններն անցնում են հայ-ադրբեջանական սահմանին սրացող իրավիճակի ֆոնին, ադրբեջանական զինվորները մինչ օրս մնում են Հայաստանի տարածքում, երեկ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, մասնավորապես, Գեղարքունիքում, հայկական և ադրբեջանական կողմերը հայտարարել են վիրավորների մասին։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հաղորդագրություն էր տարածել, թե երեկ՝ հուլիսի 6-ին, հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով Աղդամի շրջանում վիրավորվել է զինծառայող։ Ադրբեջանական կողմը նշել է, թե միջադեպը հետաքննելու համար տեղեկացրել են ռուսական խաղաղապահների հրամանատարությանն ու ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են Ադրբեջանի համաձայնությամբ, իսկ ադրբեջանական մամուլն էլ պարբերաբար գրում է, որ եթե իրավիճակը սրվի, Բաքուն կարող է պահանջել ռուս խաղաղապահներին Ադրբեջանից տարածքից։

Հայկական Զինված ուժերը Ղարաբաղի տարածքում ադրբեջանական կողմն անօրինական է համարում և պարբերաբար բարձրաձայնում այս հարցը, մինչդեռ այս և այլ հարցեր, որտեղ կան տարաձայնություններ Մոսկվայի և Բաքվի միջև, պաշտոնական Մոսկվան գերադասում է չբարձրաձայնել։

Փաշինյանի մոսկովյան այցի նախօրեին ակտիվացել են նաև քննարկումներն առ այն, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է վերահսկեն ռուս զինվորականները։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հայտարարել է, թե ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են, հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված են ռուս սահմանապահների դիրքեր, որոնք նպաստում են, որ իրավիճակը հանգիստ և կայուն լինի։ Նա նշել էր, թե քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարելի է ընդլայնել նման ներկայությունը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում է աշխատանքային այցի շրջանակներում, և սա Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո և Պուտինի հետ երրորդ հանդիպումն այս տարի՝ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի մայրաքաղաք էր այցելել հունվարի 11-ին և ապրիլի 7-ին:

Թե ինչ առարկայական քննարկումներ են լինելու այսօր Պուտին-Փաշինյան բանակցություններում, հայտնի չէ: Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշված է միայն, որ նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվելու մարտական գործողություններից տուժած շրջանների բնակչությանն աջակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը: Բացի այդ, նախատեսվում է նաև քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման արդիական ասպեկտները, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:

Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններից անմիջապես հետո ակտիվացան քննարկումներն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: Հունիսի 24-ին, մասնավորապես, Ռուսաստանի նախագահը հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում քննարկել էր և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի ղեկավարների հետ: Ակնկալվում է, որ սա հիմնական հարցերից է լինելու այսօրվա բանակցություններին, թեև մինչ օրս հստակ չէ, թե արդյոք Մոսկվան, Բաքուն և Անկարան ունեն ընդհանուր տեսլական առ այն, թե ինչ տեսք պետք է ունենա այդ միջանցքը, և արդյոք խոսքն իսկապես միջանցքի մասին է՝ այն տեսքով, որ պատկերացնում են պաշտոնական Բաքուն և Անկարան:

Փաշինյանի և Պուտինի բանակցություններին նախորդել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի, որի ժամանակ ստորագրվել է «Շուշիի հռչակագիրը», և որից անմիջապես հետո Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական ռազմական բազա տեղակայելու հնարավորության մասին:

Այս համատեքստում ինչ հակաքայլերի կգնա Մոսկվան՝ նույնպես հայտնի չէ: Պաշտոնական Մոսկվան բոլոր տարաձայնությունները Բաքվի և Անկարայի հետ գերադասում է չբարձրաձայնել: