ԱՀԿ-ն կոչ է անում չշտապել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները չեղարկելու հարցում

ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրեն Մայք Ռայան, գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս և տեխնիկական տնօրեն Մարիա Վան Կերկխոֆ, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային համայնքին հորդորում է չշտապել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները չեղարկելու և բնականոն կյանքին վերադառնալու հարցում:

Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների իշխանությունները սկսել են աստիճանաբար թուլացնել կարանտինային ռեժիմի պահանջները և, մասնավորապես, սոցիալական հեռավորության ու դիմակներ կրելու կանոնները:

Մինչդեռ, ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրեն Մայք Ռայանն ասել է, որ բնավ չի կարելի բացառել COVID-19-ի նոր ալիքների վտանգը:

«Հյուսիսային և Հարավային Ամերիկայում մենք շաբաթական ունենք 1 միլիոն ախտահարում, նույնը՝ Եվրոպայում, սա չի ավարտվել, չի կարելի մտածել, թե համավարակն անցել է», - ասել է Ռայանը:

Նրա համոզմամբ՝ բոլոր երկրներում պարտավոր են շարունակել համավարակի տարածումը կասեցնող միջոցների կիրառումը: Ռայանն ասել է, որ աշխարհի տարբեր հատվածներում համավարակն, ըստ էության, դեռ նոր է սկսվում: