Կորոնավիրուսի խիստ վարակիչ «դելտա» տարբերակի տարածումը զսպելու համար Գերմանիայում որոշել են համատեղել տարբեր պատվաստանյութեր:
Բժիշկներն առաջարկում են առաջին ներարկման համար օգտագործել AstraZeneca, իսկ երկրորդի համար BioNTech/Pfizer կամ Moderna վակցինաները: Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանի փոխանցմամբ, այդ համատեղումը կարող է ավելի հզոր պաշտպանություն տալ «դելտայի» տեսակի դեմ:
«AstraZeneca-ի և BioNTech-ի միակցումն առնվազն նույն պաշտպանությունն է տալիս, որն ապահովում է միայն BioNTech-ը, որոշ դեպքերում` նույնիսկ ավելի հզոր: Դա նշանակում է, որ AstraZeneca-ի, BioNTech-ի և Moderna-ի վակցինաներով կարելի է լրացուցիչ տարբերակներ կազմել, և դրանք կտան շատ հզոր պաշտպանություն»,- ասել է առողջապահության նախարարը:
«Դելտայի» տարբերակը լուրջ խնդիր է դարձել Բրիտանիայում, ենթադրվում է, որ առաջիկայում այն տարածում կունենա նաև Գերմանիայում:
Նախարար Շպանը հավաստիացրել է, որ Գերմանիայում կան անհրաժեշտ դեղաբաժիններ վակցինաների տարբեր համադրություններ կիրառելու համար: