Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող «Մասդար» ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (Armenian National Interests Fund, ANIF) հաղորդագրության համաձայն՝ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում «Մասդար»-ն ի սկզբանե առաջարկել էր 0,0299 դոլար կՎտժ սակագինը։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկել է 0,0290 դոլար կՎտժ վերջնական սակագինը։
200 ՄՎտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, որտեղ արևային ճառագայթումը բավականին բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։
Ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլերից՝ ծրագրի նախագծում, ֆինանսավորում, կառուցում և շահագործում։ «Մասդար» ընկերությանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85 տոկոսը և 15 տոկոսը։
Ընկերության կողմից ներդրվելու է շուրջ 174 միլիոն դոլար։ Ծրագրի շրջանակում կկառուցվի նաև նոր ենթակայան: Արևային կայանը կկառուցվի մոտ 500 հա տարածքի վրա, իսկ որպես հարակից օգուտներ, կստեղծվեն բազմաթիվ ուղղակի և անուղղակի աշխատատեղեր:
Մրցույթը «Մասդար»-ի և ANIF֊ի միջև 2019 թվականի նոյեմբերին ստորագրված՝ Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի նախագծերի մշակման վերաբերյալ պաշտոնական համաձայնագրի մաս էր կազմում: Հետագա քննարկումներ են ընթանում հաջորդ 200 ՄՎտ հզորությամբ կայանի ներդրման ծրագրի շուրջ։
Տե՛ս նաև այստեղ