Մատչելիության հղումներ

Երևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ


Երևանը կօգտագործի արևի էներգիան, հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ մեկնարկել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում:

Ըստ հաղորդագրության՝ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ: Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը:

Երևանի քաղաքապետարանը նշում է, որ ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1 մլն 250 հազար եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է: Ընտրվել են, մասնավորապես 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերը։

Տեղադրվող պանելները հայկական արտադրության են՝ 360 Վտ հզորության: Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները։ Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար․ ամբողջ գիշեր շենքերի բակերը լուսավոր կլինեն։

Ինչպես քաղաքապետարանն է նշում, ծրագիրը, որպես փորձնական, բնակիչների համար անվճար է: Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG