Հայաստանը նպատակ ունի մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ընդլայնել արևային էներգիայի տեսակարար կշիռը մինչև 15 տոկոսով, իսկ կանաչ էներգիայինը՝ մինչև 54 տոկոսով, հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը` կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ի շրջանակում տեսաուղերձի միջոցով:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ավելի հավակնոտ կլիմայական նպատակների սահմանումը ևս մեկ հնարավորություն է՝ վերաիմաստավորելու ամբողջ տնտեսական և ազգային զարգացման մոդելն ու արագացնել գործողությունները, որոնք միտված են անցնելու ավելի կայուն և ցածր ածխածնային տնտեսության:
Հայաստանի տեսլականի հիմքում են էկոհամակարգային մոտեցումը, մասշտաբային անտառապատումները, ներդրումները վերականգնվող էներգետիկայի և էներգարդյունավետության ոլորտներում, եզրափակել է նախագահը:
Իր ուղերձում Հայաստանի նախագահն առաջարկել է «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» բանաձևով բնութագրվող նորարարական մոտեցումը՝ ուղղված կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին: Ըստ Արմեն Սարգսյանի, գաղափարն այն է, թե ինչպես երկրներն ավելի կանաչ դարձնելով ունենալ ավելի կանաչ աշխարհ՝ նաև ազատվել պարտքերից:
Climate Ambition Summit-ում հնչել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոնի, Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, ինչպես նաև այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարների ելույթներ:
Վիրտուալ գագաթնաժողովը նախաձեռնել են Միավորված ազգերի կազմակերպությունը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան՝ Իտալիայի ու Չիլիի հետ համագործակցությամբ:
Ըստ Հայաստանի նախագահի գրասենյակի, գագաթնաժողովը միավորում է պետությունների ղեկավարների, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդների, որոնք պատրաստ են նոր պարտավորություններ ստանձնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում և Փարիզյան համաձայնագրի կատարման գործում